Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի նախագահին


Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի նախագահին
Մարտ 14 15:53 2019

Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Ողջունելով Վրաստանի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբությունը կարևորել է երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումները, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետը ողջունել է երկու երկների միջև ընդլայնվող գործակցությունը` այն համահունչ նկատելով դարավոր բարեկամությանը:

Նորին Սրբությունը հաստատել է, որ երկու ժողովուրդների բարեկամության մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը. երկու ժողովուրդներն էլ իրենց պատմության ընթացքում հավատքի շնորհիվ կարողացել են հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ: Գարեգին Բ Հայրապետը նկատել է ներկա ժամանակներում քրիստոնեական նույն արժեհամակարգի անաղարտ պահպանությանն ուղղված ջանքերը և այդ գործում իշխանությունների զորակցությունը:

 Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ է կատարել Վրաստանում հայկական սրբավայրերի ու մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին` հույս հայտնելով, որ դրանք վրաց իշխանությունների հոգածությամբ կգտնեն իրենց լուծումը:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույնն ու բարեմաղթանքներն է փոխանցել Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին:

Նախագահ Զուրաբիշվիլին ուրախություն է հայտնել Հայաստան իր երկրորդ այցի առիթով, ապա անդրադարձել է Վրաստանի առջև ծառացած մարտահրավերներին:

Խոսելով տարածաշրջանում տիրող իրավաճակի մասին` Վրաստանի նախագահը նշել է, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Տիկին Զուրաբիշվիլին նաև անդրադարձ  է կատարել երկու երկրների միջև առկա համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաստանի նախագահը քննարկել են նաև երկու երկրների ու ժողովուրդների կյանքը հուզող խնդիրներ:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որ վրաց եղբայր ժողովուրդը Բարձրյալ Տիրոջ Աջի հովանու ներքո մշտապես ապրի խաղաղության ու բարօրության մեջ: