Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման վերաբերյալ քննարկումներ են ընթանում. շուտով կներկայացվի վերջնական դիրքորոշումը


Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման վերաբերյալ քննարկումներ են ընթանում. շուտով կներկայացվի վերջնական դիրքորոշումը
Մարտ 14 15:29 2019

 Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ՀՀ  ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը քննարկում են Օպերային հարակից տարածքի սրճարաններն ապամոնտաժելու հետևանքով ստեղծված իրավիճակը:

Վիկտոր Մնացականյանը նշեց, որ իրենք պետք է քննարկումներ իրականացնեն քաղաքապետարանի որոշ աշխատակիցների, վարչության պետի և Երևանի քաղաքապետի հետ: Ժամը 15:30-ին կվերադառնան և կներկայացնեն իրենց  դիրքորոշումները:

Հարցին, թե ինչու չեն ապամոնտաժվում բոլոր սրճարանները Մնականյանն ընդգծեց, որ իրենք հաշվարկել են որոշ սրճարանների վնասի չափերը և նրանց որոշել են մի փոքր ավելի շատ ժամանակ տրամադրել:

Զոհրաբյանն ու Աբովյանը ժամանել են Ազատության հրապարակ, քանի որ ահազանգեր էին ստացել քաղաքացիներից իրենց հանդեպ բռնությունների վերաբերյալ:

«Մենք այստեղ ենք, որպեսզի կրքերը չբորբոքվեն և անպայման երկխոսություն լինի»,- ասաց Արման Աբովյանը:

Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։