Մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին


Մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին
Մարտ 14 13:33 2019

Հանցագործությունների կանխման ու խափանման միջոցառումների շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտի 13-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և վետերանների խորհրդի բացատրական աշխատանքի շնորհիվ մի կին կամավոր հանձնեց մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք։ Ըստ նրա՝ 7․62 մմ տրամաչափի 7 ինքնաձիգերը, «ՏՕԶ» և «Մոսին» տեսակի հրացանները, գնդացիրները, պայթուցիչներով 42 նռնակները, նռնականետը, մի քանի հարյուր տարբեր տրամաչափի փամփուշտները գտել է Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի տներից մեկի խորդանոցում։ Տունը պատկանել է Արցախյան ազատամարտին մասնակցած եղբորը, որը մահացել է 2014 թվականին։ Զենք-զինամթերքը փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ 
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

 Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։