Հայաստանը և Վրաստանը մեծ ներուժ ունեն՝ լինելու զարգացած և հզոր երկրներ. ի պատիվ Վրաստանի նախագահի տրվել է պաշտոնական ճաշ


Հայաստանը և Վրաստանը մեծ ներուժ ունեն՝ լինելու զարգացած և հզոր երկրներ. ի պատիվ Վրաստանի նախագահի տրվել է պաշտոնական ճաշ
Մարտ 14 12:23 2019

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի ՝ Հանրապետության նախագահի նստավայրում մարտի 13-ի երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով Վրաստանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հանրապետության նախագահն ասել է.

 

«Ուրախ եմ հյուրընկալել ձեզ Հայաստանում:

 

Հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ակունքները դարավոր են և հազարամյակների պատմություն ունեն։

 

Երկու ժողովուրդներն էլ այս դարերի ընթացքում անցել են հսկայական փորձությունների միջով, սակայն մեզ միավորել է ընդհանուր պատմությունը, ընդհանուր մշակույթը, և այդ օրինակները բազմաթիվ են:

 

Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս ավանդաբար շատ է խոսվում Հայոսի ու Քարթլոսի լեգենդի, նրանց եղբայրության ու բարեկամության մասին: Սակայն այսօր մեր երկրների ու ժողովուրդների բարեկամությունը ոչ թե լեգենդի կամ առասպելի մակարդակով է, այլ՝ իրականության մեջ:

 

Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանն ու Վրաստանը բարեկամության հսկայական պատմություն են ունեցել, սակայն ժամանակը նաև ցույց կտա, որ մենք բարի և բարեկամական ապագա ունենք»:

 

Նշելով, որ երկու երկրների հարաբերությունների մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Անցյալ ամիս Հայաստանում մեծ հանդիսավորությամբ նշեցինք Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Ուզում եմ նշել, որ Թումանյանին մեծարեցին նաև Թբիլիսիում, և դա պատահական չէ: Թումանյանի մարդկային ու բանաստեղծական հետքը ոչ միայն Դսեղում, Երևանում ու Հայաստանում է, այլև` Թբիլիսիում ու Վրաստանում:

 

Հարգելի տիկին նախագահ, վստահաբար տեղյակ եք, որ Թումանյանն առանձնահատուկ համակրանք էր տածում Վրաստանի և վրացի ժողովրդի նկատմամբ: Դրա վկայությունն են նաև նրա հետևյալ խոսքերը. «Ինչքան ինձ համար թանկ են Վրաստանն ու վրացական սքանչելի հոգին, նույնքան էլ թանկ են և այն մարդիկ, որոնք հանդիսանում են կրողներն ու մեկնաբանները այդ հոգու»:

 

Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ բարեկամ վրացի ժողովրդին մաղթել խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք: Թող անխախտ մնա հայ-վրացական բարեկամությունը: Թող խաղաղությունն ու բարեկեցությունը տարածվեն մշտապես Հայաստանում ու Վրաստանում և մեր երկու ժողովուրդների միջև»:

 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր խոսքում մասնավորապես նշել է. «Վրացիներիս և հայերիս միավորում է այն արժեհամակարգը, որի վրա պատմականորեն հիմնված է եղել Կովկասը: Իսկ մշակույթն այն ոլորտն է, որտեղ մեր մերձությունը հատկապես լավ է երևում: Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Փարաջանովի, Շառլ Ազնավուրի, Գիվի Շահնազարի և բազում այլ հայ մեծերով հպարտանում են և՛ վրացիները, և՛հայերը:

 

Կարծում եմ՝ բացի մշակութային հարաբերությունների էլ ավելի խորացումից, անհրաժեշտ է ընդլայնել համագործակցության սպեկտրը: Մենք մեծ ներուժ ունենք՝ լինելու զարգացած և հզոր երկրներ: Այդ ճանապարհին միմյանց աջակցելը մեծ հաջողություններ կբերի մեզ»: 



loading...