Սա կազմակերպված արշավ է նախարարության դեմ. Մշակույթի նախարարությունը տնօրեններից ներողություն կխնդրի


Սա կազմակերպված արշավ է  նախարարության դեմ. Մշակույթի նախարարությունը տնօրեններից  ներողություն կխնդրի
Փետրվար 28 07:15 2019

Մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, թե ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող կազմակերպություններից մի քանիսը առաջարկվել  է լուծարել, վերակազմավորել:

Դրանք են. «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն», «Հայաստանի երգի պետական թատրոն», «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն»,«Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ կինոստուդիա», «Երևանի խամաճիկների պետական թատրոն»,«Երևանի կամերային պետական թատրոն» «Պետական կամերային երաժշտական թատրոն»,«Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն»,«Կոմիտասի անվան ազգային քառյակ», «Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ները: 

Այս լուրերին հատկապես արագ ու  բազմակողմանի են արձագանքել «Հայաստանի երգի պետական թատրոն»-ի հիմնադիր Արթուր Գրիգորյանն ու շոուբիզնեսի շատ ներկայացուցիչներ, ովքեր համացանցը ողողել են ֆեյսբուքյան իրենց գրառումներով՝ ի պաշտպանություն Երգի Թատրոնի:

ArmDay.am-ը վերը նշված ՊՈԱԿ-ները լուծարելու պատճառների և  բարձրացված աղմուկի մասին ստացել է Մշակույթի նախարարության մեկնաբանությունը:

«Սա կազմակերպված արշավ է Մշակույթի նախարարության դեմ, որի պատճառը, ես դեռևս, չեմ հասկանում: Տարածվող լուրերի,  թեժացող կրակի 80 տոկոսի տակ, որևէ հիմք չկա և որևէ  իրավական ուժ ունեցող փաստաթուղթ չկա: Խոսքը վերաբերում է մեր ներքին փաստաթղթաշարժության մեջ տեղի ունեցող վերլուծությանը, որը, ո՛չ  որոշում է, ո՛չ՝ նախագիծ, ո՛չ էլ ինչ-որ տեղ հասել է,որ  հիմա էլ կասեցվի: Զարմանում եմ, թե ինչպիսի արագությամբ են լուրերը տարածվում ու խեղաթյուրվում, դրանք իրականությունից շատ հեռու են»,-ասաց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:

Նրա խոսքով՝ փաստաթուղթը դուրս հանողը նախարարության աշխատակից է եղել, և այն որևէ հաստատության պաշտոնապես չի ուղարկվել, քանի որ այն պաշտոնական փաստաթուղթ չէ:  Կազմակերպիչները պարզապես ցանկանում են լավամարդ լինել:

«Այդ վերլուծության մեջ կան առաջարկություններ, որոնք մշակման, քննարկման կարիք ունեն: Որպեսզի այն փաստթղթի տեսք ընդունի, մենք նախ պետք է որևէ ալտերնատիվ ճանապարհ առաջարկենք: Բոլոր տնօրեններին  խնդրում եմ՝ չվիրավորվել. դա նույնն է, թե իրենք ինչ-որ ներկայացում դնեն, և մշակույթի նախարարությունը գնա և սկսի քննադատել, թե ինչու են այդպես կազմակերպել փորձը: Պետք է գործը վերջացնել, հետո հանձնել հանրությանը: Մեզ մոտ էլ նույնն է. ինչ-որ բան երբ անում ենք, մինչև տեսքի չբերենք, ում վերբերում է, չի ուղարկվում»,-ասաց  նա:

Ղարիբյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր տնօրեններին երկուշաբթի օրը ժողովի է հրավիրելու, որտեղ կբացատրի իրավիճակը և ներողություն կխնդրի թյուրիմացության համար:

«Մենք որևէ մեկի դեմ չենք:Ես պետք է հանդիպեմ տնօրենների հետ, հակառակ դեպքում՝ դա դավաճանոթյուն կդիտվի: Մեր մղումները լավն են՝ուղղված դաշտի փոփոխությանը, իրենց ոլորտի արդյունավետության բարձրացմանը, բարելավմանը՝ և՛ ֆինանսապես, և՛ բովանդակային առումով: Մենք թշնամի չենք, բոլորս նույն ճամբարում ենք»,-ասաց Ն. Ղարիբյանը: