Նախարար Խաչատրյանը և Բուլղարիայի դեսպանը միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունավետ անցկացման հույս են հայտնել


Նախարար Խաչատրյանը և Բուլղարիայի դեսպանը միջկառավարական հանձնաժողովի  նիստի արդյունավետ անցկացման հույս են հայտնել
Փետրվար 20 18:16 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։

Նախարարը և դեսպանն անդրադարձել են նիստի շրջանակներում կայանալիք գործարար համաժողովի կազմակերպչական խնդիրներին։ Մասնավորապես՝ քննարկվել է գործարար խմբերի, ընկերությունների և ասոցիացիաների մասնակցության հարցը։ Կողմերը հույս են հայտնել, որ գործարար համաժողովը երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից կլինի արդյունավետ։

Քննարկվել են նաև հայ-բուլղարական տնտեսական համագործակցության այլ հարցեր։