Հակոբ Արշակյանը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները

Հակոբ Արշակյանը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
Փետրվար 20 18:07 2019

 Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ նախարարն անդրադարձել է Հայաստանի և Էստոնիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու և խորացնելու, երկու երկրների միջև համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանն ընդգծել է Էստոնիայի ունեցած  հարուստ փորձն այդ բնագավառում, անդրադարձել Տալլինում նախարարության մասնագետների և Էստոնիայի ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հանդիպումների արդյունքներին, պատրաստակամություն հայտնել քննարկելու ստեղծված գործակցությունն ամրապնդելու հնարավորությունները։
 
Նախարար Հակոբ Արշակյանը դեսպան Կաի Կաարելսոնին ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, դրա զարգացմանն ուղղված պետական քաղաքականության առանցքային ուղղությունները, մասնավորապես, «Ազգային վենչուրային հիմնադրամ» ստեղծելու ծրագիրը և էստոնական ստարտափերի՝ Հայաստանում գրանցվելու միջոցով դեպի Սիլիկոնյան հովիտ ելքի ապահովման հեռանկարը: 
 
Նախարարն ընդգծել է հայ մասնագետների ունեցած մեծ ներուժը, Հայաստանի տեխնիկական բուհերի բարձր որակի կրթությունը, դրանցում տեխնոլոգիական նորարարական լաբորատորիաների հիմնումը, կրթական մոտեցումների մշակման գործընթացում ոլորտի առաջատար ընկերությունների ընդգրկվածությունը, շեշտել երկու երկրների միջև գիտահետազոտական ոլորտում գործակցությունը զարգացնելու հնարավորությունը, համատեղ ծրագրեր իրականացնելու հետաքրքրվածությունը։ 
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովին։ Դեսպան Կաի Կաարելսոնը նշել է, որ Էստոնիայում մեծ հետաքրքրություն կա այդ համաժողովի նկատմամբ։ 
 
Նա նաև ընդգծել է, որ Էստոնիան հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հետ լայն գործակցության հեռանկարով և լիահույս է, որ այն կդրվի ամուր հիմքերի վրա և կունենա հաջող շարունակություն: 
loading...