Փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են, հայտնաբերվել է ատրճանակ


Փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են, հայտնաբերվել է ատրճանակ
Փետրվար 20 17:00 2019

Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 18-ին Երեւանում տեղի ունեցած խուլիգանության փաստով. ժամը 01։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Թումանյան փողոցում գործող «18 +» փաբում մի խումբ երիտասարդների միջեւ վիճաբանություն է տեղի ունենում։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանության աշխատակիցները նշված փաբից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնականի բաժին են բերման ենթարկել մի քանի երիտասարդների։ Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ նրանք են 33-ամյա Գուրգեն Ս.-ը, 37-ամյա Մովսես Մ.-ն, 28-ամյա Անդրանիկ Հ.-ն, 37-ամյա Ռոբերտ Ա.-ն եւ 36-ամյա Աղաս Խ.-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Գուրգեն Ս.-ի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ, փամփուշտատուփով, որիմեջ եղել են փամփուշտներ։ Պարզվել է, որ նշված անձինք փաբում դիտավորությամբ խաթարել են փաբի բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ եւ դիտավորությամբ վնասել փաբի գույքը։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Գուրգեն Ս.-ն աշխատում է «Գազպրոմ Արմենիա ավտոգազ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ռոբերտ Ա.-ն՝ «Արարատգազ» ՍՊԸ-ի տնօրեն։