Վարդաշենցիները մարդ են, մենք չէ՞. Մուշավանի բնակիչները բողոքում են,երթուղայինը հանվել է


Վարդաշենցիները մարդ են, մենք չէ՞. Մուշավանի բնակիչները բողոքում են,երթուղայինը հանվել է
Փետրվար 20 15:47 2019

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.61 երթուղին սպասարկող ընկերության սնանկ ճանաչվելու պատճառով երթուղու գործունեությունը ս.թ. փետրվարի 18-ից դադարեցվել է: Նշված երթուղուց օգտվող Վարդաշեն թաղամասի որոշակի հատվածի (6-րդ, 9-րդ փողոցներ) բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ավտոբուսային հ.18 երթուղու վերջնակետը Մուշականից տեղափոխվել է Վարդաշենի 6-րդ փողոց (միկրոավտոբուսային հ.61 երթուղու վերջնակետ): Միկրոավտոբուսային հ.61 երթուղուց օգտվող մյուս ուղևորները ստիպված են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից:

ArmDay.am-ի հետ զրույցում Մուշավանի բնակիչները դժգոհություն հայտնեցին. Նրանք ամբողջությամբ կտրվել են քաղաքից և ստիպված են երկու տրանսպորտ փոխել կենտրոն հասնելու համար:

«Մեզ մոտ ընդամենը երկու տրանսպորտ էր աշխատում 72 երթուղային և 18 ավտոբուս: Այժմ միայն  72 երթուղայինն է աշխատում, այն էլ շատ վատ. 20 րոպեն՝ մեկ. Ընդամենը 1կմ 200մ ճանապարհ է Վարդաշենից մինչև Մուշավան: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից մեր ահազանգին պատասխանեցին, որ Վարդաշենում ուսումնական կենտրոն կա:Ստացվում է՝  վարդաշենցիները մարդ են, մենք չէ՞: Ամբողջությամբ քաղաքից կտրվել ենք»,-ասաց բնակիչներից մեկը:

Նշենք, որ Մուշավանում դպրոց և մանկապարտեզ է գործում, որի  մանկավարժներից շատերը քաղացի են հասնում  Մուշավան: