Զանգվածային բողոքներ` հունվար ամսվա կոմունալ վճարներից.«Էլ ցանցեր»-ը, «Գազպրոմ Արմենիա»-ն և «Վեոլիա ջուր»-ը կփոխհատուցեն


Զանգվածային բողոքներ` հունվար ամսվա կոմունալ վճարներից.«Էլ ցանցեր»-ը, «Գազպրոմ Արմենիա»-ն և «Վեոլիա ջուր»-ը  կփոխհատուցեն
Փետրվար 19 18:16 2019

Հունվար ամսվա կոմունալ վճարումները, գրեթե համատարած, բողոքի ալիք է բարձրացրել մարդկանց մոտ: Գազի և հոսանքի  վճարը, համեմատաբար, շատ է գրանցվել, որոշ դեպքերում էլ՝  կրկնակի: Ջրի վճարի հետ կապված ևս բողոքներ կան:

ArmDay.am-ը կումունալ վճարների  դիմաց գրանցված  անհասկանալի բարձր վճարների հետ  կապված պարզաբանում  ստանալու համար կապ հաստատեց ՀՀ Էլ.ցանցերի հետ.

«Ամանորյա տոներից հետո էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների մոտ, հաճախ, առաջանում են հարցեր՝ կապված էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերի և վճարումների հետ: Դա պայմանավորված է տոնական օրերին բաժանորդների՝ միջինից շեղված ծախսերի հետ»,-ասաց Նատալիա Սարջանյանը:

Այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է   ավելի շատ վճար եկել նրանց մոտ, ովքեր տոն օրերը տանը չեն նշել, Սարջանյանը պատասխանեց.

«Նմանատիպ կամ ցանկացած այլ հարցի, բողոքի պարագայում օպերատիվ արձագանք ստանալու համար խնդրում ենք բաժանորդներին դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որտեղ գործում է հատուկ հանձնաժողով՝ նմանատիպ խնդիրների պարզաբանման համար»:

Խոսնակը նշեց, որ իրենք հազիվ  բողոքի 20  դիմում են ստացել:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր հերթին  արձագանքեց կումունալ վճարների հետ կապված բողոքներին:

«Սպառած գազի ծավալը հստակ հաշվարկվում է հաշվիչի ցուցմունքի հիման վրա, հաշվառման համակարգը շեղումներ թույլ չի տալիս: Ինչ վերաբերում է ավելի սպառած գազին, եթե մեր բաժանորդները պնդում են, որ նախորդ ամսվա համեմատ ավելի գազ է սպառվել, ապա այդտեղ հիմնական գործոնը եղանակային պայմաններն են: Այսինքն՝ ինչքան դրսի ջերամստիճանը, արտաքին օդը ավելի սառն է լինում, այնքան տան ներսում ջերմային կորուստը բարձրանում է, ջեռուցման կաթսաների շահագործումն ավելի հաճախ է լինում: Հիմնականում սա է պատճառը, այն բացատրվում է եղանակային պայմաններով:Ընկերությունից բաժանորդներին հորդորում են՝ եթե կան մարդիկ, ովքեր համաձայն չեն ցուցմունքների հետ կամ բողոքներ ունեն, կարող են  դիմել Գազպրոմ Արմենիա: Ընկերությունն այսօր պատրաստակամ է յուրաքանչյուր անհամաձայնության կամ բողոքի անհատապես անդրադառնալ»,- հայնտնում են  Գազպրոմ Արմենիայից:

Ի տարբերություն հոսանքի և գազի՝  ջրի դիմաց վճարի տարբերությունը մեծ չէ: Բողոքի դիմումներ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն չի ստացել: ArmDay.am-ի հետ զրույցում  խոսնակ Մուրադ Սարգսյանն ասաց, որ իրենց մոտ նման շեղումներ լինում են ամռանը:

«Այժմ  վճարի հետ կապված շեղումներ կարող են միայն պայմանավորված լինել նրանով, որ ճիշտ ժամանակին չի ֆիքսվել ջրաչափի ցուցմունքը, սակայն պետք է հաշվի առնել, որ հաջորդ ամիս այդ գումարը դիտարկվում է որպես կանխավճար: Մեր տեսուչները պարտավոր չեն ամեն ամիս այցելություններ կատարել, սակայն  մենք նաև մշակել ենք մի եղանակ, որպեսզի մարդիկ իրենց  ջրաչափի տվյալները նկարեն և ուղարկեն  տեսուչին: Մշտապես կապ չպահելու դեպքում շեղումներ հնարավոր են, սակայն այդ գումարը չի կորչում»,-ասաց նա:

Խոսնակը ևս շեշտեց, որ բնակիչները կարող են դիմել իրենց և պարզաբանում ստանալ առաջացած խնդրի վերաբերյալ:

Ավելի վաղ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասնապատիկ ավելի է արձանագրվել:

Պատգամավորին արձագանքել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր նույն խնդիրն են բարձրացրել: