Ոստիկանությունը մասնագիտական ստուգումներ է նշանակել Լոռու մարզում ծառահատման երկու դեպքով


Ոստիկանությունը մասնագիտական ստուգումներ է նշանակել Լոռու մարզում ծառահատման երկու դեպքով
Փետրվար 18 22:10 2019

 ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հայտնաբերել են ծառահատման երկու դեպք, որոնց առթիվ նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Փետրվարի 16-ին ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները ծառայություն կատարելու ժամանակ Վահագնաձոր համայնքի վարչական տարածքում ստուգման են ենթարկել Արմեն Բ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենան, որի բեռնախցիկում եղել է մոտ 3 խմ փայտանյութ:

Վարորդը չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Մարց գյուղի հարակից անտառից՝ բենզասղոցի գործադրմամբ մասնատելով մեկ հատ քամատապալ ծառ և հավաքելով թափուկ փայտանյութ: 

Վարորդը ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, իր վարած մեքենայով, բերման է ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին:

Նույն օրը ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները ստուգման են ենթարկել Լյուդվիգ Հ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենան:

Բեռնախցիկում հայտնաբերվել է մոտ 4 խմ փայտանյութ: Վարորդը համապատասխան փաստատուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է Գևորգ Մ.-ին:
Գևորգ Մ.-ն ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ փայտանյութը ձեռք է բերել Վահագնաձոր գյուղի «Լոռի» հանգստյան տան մոտակա անտառից՝ բենզասղոցի գործադրմամբ 3 կանգուն ծառեր հատելու միջոցով: 

Նշանակվել են մասնագիտական ստուգումներ:

Կատարվում է քննություն»: