Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինվորականը ցուցմունք չի տվել, նմուշ չի հանձնել


Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինվորականը ցուցմունք չի տվել, նմուշ չի հանձնել
Փետրվար 18 21:00 2019

2018 թվականի դեկտեմբերի 2-ին ռուս զինծառայողի կողմից ծեծվելու հետեւանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեռադրվող ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը հրաժարվել է ցուցմունք տալուց եւ նմուշի հանձնումից: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը:

 

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

 

Այս քրեական գործն, ըստ դատախազի, քննվում է ՇՄ քննչական վարչությունում, դատավարական ղեկավարումն իրականացնում է ՇՄ դատախազությունը: «Քրեական գործով կատարվել, կատարվում են բազմածավալ աշխատանքներ: Սպասում ենք փորձաքննության եզրակացությանը, որն ամենայն հավանականությամբ կստանանք մի 20 օրից, որից հետո այդ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի դատարան: Քրեական գործով արդեն իսկ ձեռք բերված բավարար ապացույցները լիարժեք են՝ անձին դատի տալու համար»,- ասաց Կարեն Գաբրիելյանը:

 

Դատախազի տեղեկացմամբ, իրենք գործում են ՀՀ ՌԴ համատեղ համաձայնագրի հիման վրա, որը վերաբերում է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ:

 

«Նշված համաձայնագրի 4-րդ հոդվածը սահմանում է, որ ՌԴ կազմի մեջ մտնող ռազմաբազային անձանց կամ նրանց հարազատների կողմից ՀՀ տարածքում կատարված հանցավոր արարքները քննվում են ՀՀ իրավասու մարմինների կողմից: Բայց, քանի որ ենթադրյալ հանցանք կատարած անձը հայտնաբերվել եւ ձերբակալվել է ՌԴ ռազմաբազայում, նշված համաձայնագրի 8-րդ կետով այդ անձի հետ համապատասխան գործողություններն իրականացվում են նրանց ներկայացուցչի միջոցով»,-մանրամասնեց Կարեն Գաբրիելյանը:

 

Մեկ նկատառում: Սովորաբար Գյումրու փողոցներում  հանցագործություններ կատարած ռուս զինվորականներին օրինաչափ կերպով միշտ հայտնաբերում են հենց ռուսները: Այսինքն, հանցագործը  մարդկանց ծեծել, սպանելուց հետո հայ իրավապահների աչքից վրիպելով հասնում է ռազմաբազա, որ իրեն հայտնաբերեն, ձերբակալեն: Երբ Պերմյակովը սպանդի ենթարկեց Ավետիսյաններին եւ փախավ կամ քայլեց քաղաքի փողոցներով, առաջին ժամերին ունեցած տեղեկատվության համաձայն՝ նրան մի հայ տաքսիստ էր ինչ-որ վայր տեղափոխել, այնուհետ հայ-թուրքական սահմանին մոտ մարդասպանին գտել էին հայ գյուղացիները: Այնուհետ պատմությունը վերաշարադրվեց այնպես, որ տաքսիստը ջնջվեց իսպառ, գյուղացիների բռնելը վերագրվեց ռուս սահմանապահներին:

 

Նույնը եւ Ռազգիլդիեւի պարագայում է: Հայ կնոջն անմարդկային ձեւով ծեծել, մահվան հասցնելուց հետո հասել է ռազմաբազա, որ իրեն ռուս ծառայակիցները բռնեն, եվ, ոչ թե ռուսական ռազմական ոստիկանության ներկայացուցիչները, ովքեր եկան Գյումրի, սակայն, որպես այդպիսին նկատելի դերակատարում չունեն, քանզի ռուս զինվորականները օրվա բոլոր ժամերին են Գյումրու փողոցներում զբոսնում, ուտում, խմում եւ զվարճանում, այլ ռազմաբազային զինծառայողները: Թե այդ պահերին որտեղ են հայ ոստիկաններն, այս պարագայում, պարզ չէ:

 

Հենց ռուս զինվորականների հայտնաբերման փաստն էլ նկատի առնելով՝ ենթադրյալ հանցագործ Ռազգիլդիեւն այս պահին գտնվում է ռուսական կողմում:

 

«Ձերբակալում, հարցաքննությունն իրականացվել են ռուսական կողմից, եւ այս պարագայում, զինվորին մեզ տրամադրելը, մեր ՔԿՀ-ում նրա պատիժը կրելը կհակասի ՌԴ օրենսդրությանը: Այս պայմաններում, սակայն, թեկուզեւ նշված անձը գտնվում է ռուսական կարգապահական մեկուսարանում, որեիցե արգելք չի հանդիսանում գործի բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու համար: Մեր քննիչն անարգել մտել է, կատարել բոլոր այն քննչական եւ դատավարական գործողությունները, որոնք անհրաժեշտ են եղել: Մեղադրյալը հրաժարվել է նմուշ տալուց, պատճառաբանելով, որ դա իր իրավունքն է, մենք այլ մեխանիզմ չունենք՝ նրանից նմուշ վերցնելու: Հարկադրաբար չենք կարող»,-ասաց Կարեն Գաբրիելյանը:

 

Տարվե՞լ է մեղադրյալ անձը դեպքի վայր, թե՝ ոչ: Դատախազն ասաց՝ եթե պատասխանեմ հարցին, նախաքննական գաղտնիք կբացեմ: