Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել եմ իմ բազմաթիվ գործընկերների հետ, նրանցից յուրաքանչյուրի հետ ունենք մեր առանձին օրակարգը:
Մյունխենում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մեր գործընկերների հետ հանդիպումներում հիմվում ենք միայն մեկ սկզբունքի՝ Հայաստանի շահի վրա: Մեր քաղաքականությունը խիստ հայանպաստ և հայամետ է: Եվ դա ընկալվում է շատ լավ, բայց նաև պետք է այդ քաղաքականությունը շարունակական լինի: Տարբեր գործընկերների հետ տարբեր օրակարգ ունենք»,- ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ մինչ համաժողովը չէր բացառվում, որ նա հանդիպելու է Ադրբեջանի իր գործընկերոջ հետ, Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Մենք չէինք ծրագրել առանձին հանդիպում: Մենք կարող ենք դեռ հանդիպել միջանցքներում, գուցե դրա առիթը դեռ չի եղել: Մենք որևէ խնդիր չունենք արտգործնախարար Մամեդյարովի հետ ոտքի վրա հանդիպելու, բարևելու, բայց առանձնահատուկ չենք ծրագրել: Եթե ծրագրած լինեինք, կհայտարարեինք դրա մասին: Մենք բավական ուշադիր ենք այդ հարցում»:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Մյունխենում հանդիպում ծրագրված չի եղել, սակայն դա չի նշանակում, որ խոսելու բան չկա: «Աշխատանքը շարունակվում է, իր տրամաբանությունն ունի»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք շարունակելու են հանդիպել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչների կողմից առաջարկ եղե՞լ է արդյոք կազմակերպելու հանդիպում, արտգործնախարարը պատասխանեց. «Մեզ համար մոտեցումն այն է, որ մենք անում ենք այն, ինչ մեզ է պետք, ոչ թե կազմակերպիչներին կամ որևէ մեկին: Դրանով ենք առաջնորդվում, և նորից եմ կրկնում՝ հատուկ նպատակ չունեինք հիմա հանդիպելու, առավել ևս այն կոնտեքստում, որ համանախագահները կլինեն տարածաշրջանում, և մենք մեր գործը կշարունակենք այնպես, ինչպես ծրագրվում է»:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից վերջին շրջանում սպառնալիքի հռետորաբանության կիրառմանը՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Մենք մեր դիրքորոշումը շատ հստակ արտահայտում ենք, այդ դիրքորոշումը շարունակականություն և տրամաբանություն ունի: Մենք ասում ենք այն, ինչ ասում ենք: Ինչ վերաբերում է կոշտությանը, ապա մենք ամբողջովին քաջալերում ենք նվազեցնել հռետորաբանությունը և շարունակելու ենք դա անել, որովհետև դա օգտակար չէ,- ասաց նա՝ նշելով, որ մեր վճռականությունն էլ երբեք հարցականի տակ չի եղել, հասարակությունն էլ հասկանում է, որ այստեղ գոյություն ունի էքսզիստենցիալ անվտանգության խնդիր,- խաղաղությանը միտված աշխատանքը չի դադարում, բայց մեր վճռականությունը հարցականի տակ չի դրվում»: