Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության համար


Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության համար
Փետրվար 15 17:07 2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել են թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել ամուսինների:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի բնակչուհին՝ ծնված 1966թ., Նիդերլանդների Թագավորությունում շուրջ 10 տարի ունենալով կացության իրավունք, հիվանդության պատճառով բժշկի կողմից օրինական կարգով ստացել է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի դեղահաբեր: Հայաստանի Հանրապետությունում ապօրինի իրացնելու նպատակով՝ վերջինս խոշոր չափով նշված դեղահաբերից մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է Հայաստան:  

Մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված խոշոր չափի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցն ապօրինի իրացնելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով ամուսնու՝ 1985թ. ծնված տղամարդու հետ՝ 2017թ փետրվարի 21-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, 53-ամյա կինը տարբեր օրերի ամուսնուն է փոխանցել նշված թմրամիջոցի դեղահաբեր, որոնք վերջինիս կողմից իրացվել են:  

Բացի այդ, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ կինը ձեռք է բերել և ապօրինի կերպով կրել քաղաքացիական շեղբավոր սառը զենք համարվող, գործարանային արտադրության որսորդական ծալովի դանակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավը: Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

 

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: