«Փաշինյական բեզպրեդելության» մեկնարկը ՔՊ-ական մենիշխանության ֆոնին․ ընդդիմությունը ոտնահարված է


«Փաշինյական բեզպրեդելության» մեկնարկը ՔՊ-ական մենիշխանության ֆոնին․ ընդդիմությունը ոտնահարված է
Փետրվար 15 16:42 2019

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված «ՔՊ-ական մենիշխանությունն» իր պտուղները համտեսելուն երկար սպասեցնել չտվեց։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որևէ մեկի կարիքը չունի իր ուզած օրինագիծն «անցկացնելու» համար, սակայն ժողովրդավարական սկզբունքների տրամաբանությունից ելնելով՝ այս պնդումը կարելի է դիտարկել միայն մաթեմաթիկաական առումով, քանի որ ընտրությունների արդյունքում ճնշող մեծամասնություն դառնալը, դեռ չի նշանակում, որ ընդդիմությունն այլևս անելիք չունի խորհրդարանում։ Սրա հետ մեկտեղ՝ հաշվի առնենք, որ ընտրությունների շուտափույթ անցկացումը հիմնավորվում էր, ոչ այն պատճառով, որ հետհեղափոխական էյֆորիայի արդյունքում հեղափոխական ուժը ստանալու է Սահմանադրությամբ նախատեսված տոկոսային առումով առավելագույն ձայներ, այլ նոր իշխանությունների օրոք գործադիր և օրենսդիր իշխանությունների համագորակացության որակի բարձրացման և քաղաքական կայունություն ապահովելու նպատակով։ Հետևաբար իշխանություններն այդ քայլով ավելի մեծ պարտավորություն ստանձնեցին ընդդիմության խոսքը լսելի դարձնելու հետ կապված։

Այսպիսի գաղափարական հենք ունեցող իշխանական ուժը պարտավոր էր  քայլեր ձեռնարկել ամենաքիչը վիզուալ առումով բացառելու օրինագծերի շուրջ ընդդիմադիրների կոնսենսուսային տարընթերցումները։ Զարմանալին այն է, որ նմանատիպ պատկերի ականատես լինում ենք թերևս ամենակարևոր փաստաթղթի շուրջ՝ կառավարության ծրագրի։ Որպեսզի պատկերացնենք, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը կարող ենք նշել միայն 1 հանգամանք այն նախատեսված էր առաջիկա 5 տարիներում կառավարության կողմից ձեռբարկվելիք քայլերի, որի կոնտեքստում նաև վարվելիք քաղաքականության և ավելի «լավ» Հայաստան ունենալու ուղղությամբ հստակ քայլեր ձեռնակելու համար։

Հանրությունը ականատես եղավ մի երևույթի, երբ իշխանությունները սեփական կամայականությամբ, առանց ընդդիմադիրների կարծիքը հաշվի առնելու՝ պարտադրեցին հայ ժողովրդին 5-ամյա ծրագիր, և սա ոչ այլ ինչ է, քան՝ քաղաքական «բեզպրեդել»։ Փաշինյանի կողմից ընդդիմությանը նվաստացնելու փորձերը հատկապես հնարավոր չէ «տեղավորել» ժողովրդավար ղեկավարի իմիջի ներքո։ ՀՀ ամենալեգիտիմ ղեկավարն իր ելույթում քաղաքական ծաղրի ենթարկեց ընդդիմության կողմից հնչեցված բողոքներն, ինչպես նաև մանիպուլյացիոն կերպով ընդդիմության քանակային ներգրավվածությունը վերագրեց իրեն և իր քաղաքական թիմին։ «Բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք ստեղ նստած»,- նշեց Փաշինյանն իր ելույթում՝ խոսքն ուղղելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը։ Դժվար է ենթադրել, որ Փաշինյանը տեղյակ չէ Սահմանադրության պահանջներին, հետևաբար ի՞նչ էր սա, քան ընդդիմության նկատմամբ ինքնանպատակ հարձակում։ Քաղաքական ստվերային հարաբերությունների մեջ չխորանալով՝ նկատենք, որ սա տեղի է ունենում հրապարակային, և անհրաժեշտ է նաև տարբերել կուլիսային խոսակցություններն ու երկրի գլխավոր ամբիոնից հնչած հայտարարությունները։ Բովանդակային առումով հնչած քննադատություններին էմոցիոնալ և իրավիճակային ելույթներով հակադարձելը հարիր չէ որևէ երկրի ղեկավարին։

 Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե կենտրոնանում ենք Փաշինյանական հայտնի  հռետորաբանության վրա, նկատենք, որ խնդիրը կայանում է օրենսդիրը՝ որպես պետական-քաղաքական ինստիտուտ, կազմաքանդելուն։ Այս կերպ շարունակելու դեպքում կբախվեն ոչ միայն իշխանության և ընդդիմության շահերը, այլև հասարակության և կառավարության։ Քաղաքացին ընտրություն է կատարել, և պետք է հաշվի նստել այդ ընտրության հետ, պետք է հաշվի նստել նաև որոշակի հարցերում կոնսենսուսային ելք գտնելու հրամայականի հետ։ Արդարության համար նշենք, որ կառավարության 5-ամյա ծրագիրը հենց այն է, ինչի մասին խոսում ենք։ Ենթադրելի է, որ առաջիկա տարիների ընթացքում Փաշինյանը չի վայելելու այժմյան աստիճանի լեգիտիմությունը, այսինքն, ծրագրի իրագործման ընթացքում նա չի կարողանալու արդարացնել ընդդիմությանը ոտնահարելու իր պրակտիկան։

 Կատարվածը ճիշտ կլինի անվանել ոչ թե «տնտեսական հեղափոխության» մեկնարկ, այլ «Փաշինյական բեզպրեդելության» մեկնարկը ՔՊ-ական մենիշխանության ֆոնին։

Վաչիկ Գրիգորյան



loading...