Առերեւույթ խոշոր չափերի վատնում կատարելու դեպք Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում. հարուցվել է քրգործ


Առերեւույթ խոշոր չափերի վատնում կատարելու դեպք Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում. հարուցվել է քրգործ
Փետրվար 15 13:15 2019

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ:

ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ: Նշվածի կապակցությամբ նույն բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2009 թվականից մինչեւ 2018 թվականը ընկած ժամանակահատվածում կատարել է դպրոցի՝ իրեն վստահված միջոցների խոշոր չափ հանդիսացող՝ 2.311.752 ՀՀ դրամ գումարի վատնում։

Մասնավորապես, նախկին տնօրենի 2011 թվականի, 2015 թվականի եւ 2016 թվականի երեք հրամաններով դպրոցում որպես պահակ եւ էլեկտրիկ-փականագործներ աշխատանքի են ընդունվել երեք քաղաքացիներ, ովքեր աշխատանքի չեն հաճախել: Չնայած այդ հանգամանքին՝ նրանցից մեկի անվամբ՝ 2011թ. ապրիլից մինչեւ 2014թ. սեպտեմբեր, երկրորդի անվամբ 2015թ. հուլիսից մինչեւ 2016թ. դեկտեմբեր եւ երրորդի անվամբ 2016թ. դեկտեմբերից մինչեւ 2018թ. սեպտեմբեր հաշվարկվել եւ վճարման է ներկայացվել համապատասխանաբար 281.750, 912.619 եւ 1.117.383 ՀՀ դրամ գումարներ, որը նրանք ստացել եւ տնօրինել են։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերեւույթ պարունակում են պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով վատնում կատարելու ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բավարար փաստական տվյալներ՝ նշված փաստերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական  օրենսգրքի  179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:



loading...