Փաշինյանը հստակեցրել է առաջիկա ամիսներին կառավարության անելիքները․ 15 հանձնարարական


Փաշինյանը հստակեցրել է առաջիկա ամիսներին կառավարության անելիքները․ 15 հանձնարարական
Փետրվար 15 12:50 2019

Այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է մի շարք հանձնարարականներ, որոնք պետք է համարվեն առաջնահերթ, և իրականացվեն առաջիկա ամիսների ընթացքում։ Նկատենք, որ ստորև նշված վարչապետի հանձնարարականները տեղ չէին գտել կառավարության ծրագրում, սակայն բխում են ծրագրում առկա հայեցակարգային դրույթներից։ 1․ Վերանայել մինչ այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված խնդիրները, կենտրոնացնել տեղեկատվությունը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում։ 2․ Կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել՝ այդ թվում ջրի, գազի, էլէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդրի լուծման նպատակով։ 3․ Արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականցնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը։ 4․ Հիմա բացվում է սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանը․ մշակել մեխանիզմ, որ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից։ 5․ Հաշվառել հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձերով, հասցեով, ընկերություններով։ 6․ Բացահայտել բոլոր այն մարդկանց, որոնք ամսական 100 հազար դրամ եւ ավելի ամենամսյա վարկեր են սպասարկում եւ միեւնույն ժամանակ օգտվում են ընտանեկան եւ սոցիալական նպաստների համակարգից։ 7․ Բանկային տոկոսադրույքների նվազեցման խնդիրը պահել օրակարգում եւ ռազմավարություն մշակել։ 8․ Միկրոբիզնեսը, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել։ 9․ Մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը, եւ վերամասնագիտացման ծառայություններ մատուցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։ 10․ Ակտիվացնել եւ զարգացնել այն ուսումնական կենտրոնները եւ նախագծերը, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է եւ ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացումը։ Այս նպատակով բանակցել եւ համատեղ ծրագրեր իրականցնել Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ մյուս հեռուստաընկերությունների հետ։ 11․ Ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտական կրթական հաստատությունների վերակենդանացման ակտիվացման եւ զարգացման գործում։ 12․ Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի, եւ գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերն ամբողջությամբ իրականանան, նախադրյալներ ստեղծել այդ աշխատանքի ծավալները մեծացնելու համար։ 13․ Ջրամբարաշինության եւ ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում իրականացնել եւ նոր նախագծեր նախաձեռնել՝ զուգահեռաբար բանակցելով հնարավոր դոնոր կազմակերպությունների հետ։ 14․ Մսի եւ կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականցնել եւ աջակցել այդ մեխանիզմների զարգացմանը։ 15․ Պատրաստվել պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ եւ նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ սկսել։