Ոչ մի պարագայում բժիշկը հիվանդին ապրելու հույսից կտրելու իրավունք չունի. վիրաբույժ Հ. Հարությունյան (լուսանկարներ)


Ոչ մի պարագայում բժիշկը հիվանդին ապրելու հույսից կտրելու իրավունք չունի. վիրաբույժ Հ. Հարությունյան (լուսանկարներ)
Փետրվար 11 22:20 2019

Փետրվարի  11-ը Հիվանդի միջազգային օրն է:  Հայաստանում դարի հիվանդությունների, բժիշկ-հիվանդ հարաբերությունների և այլ հարցերի շուրջ ArmDay.am-ը զրուցել է ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության  ամբիոնի դասախոս, Աստղիկ ԲԿ-ի վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու  Հայկ Հարությունյանի հետ:

-Բժիշկ Հարությունյան, որո՞նք են դարի հիվանդությունները:

-Վիրաբուժական տեսանկյունից դարի հիվանդությունները շարունակում են  մնալ օնկոլոգիական հիվանդությունները, որոնք, ցավոք սրտի, երբեմն հայտնաբերվում են ուշ փուլերում:

-Կո՞ղմ եք այն բանին, որ պետք է հիվանդության մասին ասել հիվանդին, և ինչո՞ւ:

-Այո´, ես կարծում եմ, որ հիվանդն իրավունք ունի տեղեկացված լինելու իր հիվանդության  մասին և դրանով իսկ իր մասնակցությունն ունենալու  բուժման գործընթացում: Հիվանդի ապաքինման համար անհրաժեշտ է, որ հիվանդը լիարժեք վստահի իրեն բուժող բժշկին  և տեղյակ լինի իրեն սպասվող  բուժման ընթացքի (անհրաժեշտ վիրահատության, հետագա քիմիոթերապիայի, ճառագայթային  բուժման) մասին:

Բայց ոչ մի պարագայում բժիշկն իրավունք չունի հիվանդին կտրելու ապրելու հույսից:

-Ինչպե՞ս անել, որ մարդկանց մոտ վերանա բժիշկներին չվստահելու ու ինքնաբուժությամբ զբաղվելու սովորությունը:

-Կարծում եմ՝ պետք է ավելի շատ լուսաբանել  օր ու գիշեր հերթապահող, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկող բժիշկներին, ինչպես նաև պարբերաբար ներկայացնել ինքնաբուժությամբ  զբաղվող  և արդեն հիվանդության բարդություններով  հիվանդանոցում հայտնված հիվանդների մասին:

-Ո՞րն է հիվանդի բուժման ամենահզոր դեղամիջոցը։

-Հիվանդի համար բուժման ամենահզոր միջոցը հիվանդի հավատն է իրեն բուժող բժշկի հանդեպ և հիվանդությանն ամեն գնով հաղթելու ձգտումը:

-Ինչպիսի՞ն պետք է լինեն բժիշկ-հիվանդ հարաբերությունները:

-Բժիշկը պետք է միշտ հասանելի լինի  հիվանդի համար։ Իհարկե, հիվանդը նաև պետք է հաշվի առնի՝ արդյոք հրատապ է դիմելու  անհրաժեշտությունը:  Օրինակ՝ ինձ հետ եղել է դեպք, որ գիշերվա չորսին զանգել հարցրել են` կարո՞ղ են մեղր ուտել:

Բացի այդ, պետք է բժշկի նշանակած դեղերն ընդունել ու ճշգրիտ կերպով հետևել բժշկի խորհուրդներին։ Պատահում է, որ հիվանդին բժիշկը  նշանակում է անում, հետո պարզվում է, որ հարևանը, ազգականը, կամ մեկ այլ մարդ խորհուրդ է տալիս չափաբաժինն ավելացնել, դեղ պակասեցնել կամ ավելացնել, և դրանով վատացնում են արդյունքները:

-Բժշկին հիվանդության հետ կապված ժամանակին դիմելու առումով փոփոխություն նկատո՞ւմ եք, ինչ անել, որպեսզի այդ մշակույթը ձևավորվի մարդկանց մեջ:

-Միշտ չէ, որ այն գումարով է  պայմանավորված  լինում: Պետք է պարզապես մտածելակերպը փոխել: Լուսաբանել, որ կարելի է, օրինակ, չնչին գումարով կղանքում թաքնված  արյան անալիզ հանձնել,  դրանով իսկ վաղ հայտնաբերել հաստ աղում գտնվող նորագոյացությունը: Տղամարդիկ 40 տարեկանից հետո  պետք է հետազոտեն իրենց շագանակագեղձը, իսկ  կանայք՝ կրծքագեղձը: Մինիմալ հետազոտություններով կարելի է վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունն ու խուսափել հետագա խնդիրներից։ Պետք է մարդկանց ենթագիտակցության մեջ մտցնել, որ բոլոր առողջ մարդիկ պարտավոր են  գոնե տարին մեկ-երկու անգամ  արյան և մեզի ընդհանուր քննություն հանձնել, նվազագույն գործիքային հետազոտություններ անցնել, որը կնպաստի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերմանը։ Հետազոտվել անհրաժեշտ է ոչ միայն գանգատների  առկայության դեպքում, այլև պարբերաբար՝ առանց գանգատների։

-Ի՞նչ կասեք Հայաստանում բժշկության մակարդակի մասին, ո՞ր երկրների հետ կարող ենք մրցակից լինել, թեկուզ ինչ-որ ուղղվածությամբ:

-Բժշկության մակարդակը Հայաստանում բավականին բարձր է։ Ես բազմաթիվ  վերապատրաստումներ եմ անցել Եվրոպայում, Ասիայի երկրներում, Ռուսաստանում: Մենք որևէ բանով չենք զիջում, պարզապես կան ճյուղեր, որոնք մեզ մոտ դեռևս զարգացած  չեն, օրինակ՝ լյարդի տրանսպլանտացիան, որը փորձում ենք այժմյան պայմաններում զարգացնել:  Գուցե որոշ դեպքերում, օնկոլոգիական բուժման առանձնահատկություններով տարբերվենք, այն էլ պայմանավորված է գերֆինանսավորմամբ և  ապահովագրության հաշվին ավելի վաղ հայտնաբերելու մոտեցումների տարբերությամբ: Բուժումը՝ դեղորայքային և վիրահատական, նույնն է: Գրեթե բոլոր վիրահատությունները, որոնք արվում են արտասահմանում, կատարվում են նաև մեզ մոտ թե՛ լապարասկոպիկ, թե՛ բաց եղանակով:

-Ի՞նչ առավելություն ունեն հայ բժիշկները:

-Մեր առավելությունն այն է, որ կարողանում ենք ավելի հաճախ ու երկար շփվել հիվանդի հետ, ավելի շատ զբաղվել նրանով: Դա  պայմանավորված է ինչպես բնակչության թվաքանակով, այնպես էլ անմիջական կապ ունի մեր բնավորության  հետ: Արտասահմանում  ջերմությունը մի փոքր քիչ է. եթե խորհրդատվության համար տրված է հինգ րոպե, ապա հիվանդը շփվում է հինգ րոպեով նախապես հերթագրվելուց գուցե մեկ-երկու ամիս հետո: Մեզ մոտ նման խնդիր չկա: Հիվանդը կարող է մի քանի անգամ ստանալ խորհրդատվություն, բժիշկն էլ ցուցումներ տալ ինչպես հիվանդին, այնպես էլ նրա հարազատներին: Այս տեսանկյունից ավելի լավ վիճակում ենք: Ցավոք սրտի, գիտական առումով հետ ենք մնում, քանի որ չունենք  համապատասխան ֆինանսավորում, փորձարարական լաբորատորիաներ:

-Եթե առաջարկ ստանաք արտերկրում աշխատելու, կընդունե՞ք:

-Ունեցել եմ առաջարկներ ապրելու և աշխատելու Եվրոպայում, որտեղ առավել լավ պայմաններ կարող են լինել ինձ համար, մանավանդ՝ ֆինանսական առումով: Ես միշտ մերժել եմ, քանի որ  զգում եմ, որ այստեղ եմ պետք, հասկացել եմ, որ պահանջված եմ Հայաստանում: Արտերկրում միայն նյութապես  կարող ես շահել, մնացած առումով ռոբոտացված է մի տեսակ ամեն բան: Էմոցիան քիչ է, սառնություն եմ զգում:

-Ի՞նչ բացառիկ կամ զվարճալի դեպք կհիշեք Ձեր հիվանդների հետ կապված:

-Հնդիկ հիվանդ ունեի, ում անունը Անու Բալա էր, և մենք նրան Անուշ Բալա էինք ասում։ Նա Հայաստանում զբոսաշրջիկ էր և  ընտանեկան անամնեզում ուներ  թրոմբոֆիլիա:  Բարդությունները զարգացել էին հետվիրահատական շրջանում: Հիվանդի մոտ արյան համակարգի հիվանդության պատճառով զարգացել էր դռներակային համակարգի տոտալ թրոմբոզ։ Հիվանդը հայտնվել էր ծայրահեղ ծանր վիճակում, բայց բարեբախտաբար նա վիրահատվեց, հետվիրահատական շրջանն անցավ բարեհաջող, և նա վերադարձավ Հնդկաստան: Մինչ օրս ամեն առավոտ նա ինձ ուղարկում է իր աճեցրած ծաղիկների նկարները և շնորհակալություն հայտնում:

Զվարճալի դեպքեր շատ են եղել. ասել եմ՝ վերքին бетадин կքսեք, ասել է՝ գետաձի՞:

-Քանի՞ տարվա աշխատանքային փորձ ունեք, այս ընթացքում մասնագիտական հիասթափություններ եղե՞լ են:

-Ունեմ 11 տարվա պրակտիկա: Չեմ զղջացել երբեք, սակայն լինում են պահեր, երբ հնարավոր չի լինում բուժել հիվանդին, հատկապես ուշ փուլում հայտնաբերված հիվանդության դեպքում, և երբեմն  տխրում եմ, երբեմն ըմբոստանում, բայց չեմ հիասթափվում: Կյանքեր փրկելու դեպքերն ավելի շատ են, հպարտության զգացումը՝ ավելի մեծ:

-Ինչպե՞ս ընտրեցիք բժշկի մասնագիտությունը:

-Մանկուց երազել եմ դառնալ վիրաբույժ։ Քույրիկիս տիկնիկների վրա «վիրահատության» փորձեր էի անում: Սերը դեպի բժշկությունն արթնացրել է նաև տատիկս, ով 40  տարի  բուժքույր է աշխատել: Ուրիշ մասնագիտության մեջ ինձ երբևէ ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ ձգտել:

-Առողջապահության նախարարի՝ համակարգում փոփոխությունների մասին ի՞նչ կասեք: Դրական շարժ կնկատե՞նք, թե՞ այդ ամենը կմնա թղթին:

-Անձամբ ծանոթ չեմ նախարարի հետ, բայց ես լավատես եմ: Առողջապահական համակարգը ամբողջ աշխարհում լի է խնդիրներով, և մի վայրկյանում այդ խնդիրները լուծել հնարավոր չէ: Հուսով եմ՝ կկարողանա հաջողել։ Որոշակի չճշտված հարցեր կան,ակայն, կարծում եմ՝ դրանք կշտկվեն: Կարևորն այն է, որ կան հստակ ուղղություններ և համառորեն առաջ շարժվելու ձգտում:

-Ի՞նչ կուզենայիք փոխվեր առողջապահության ոլորտում:

-Կուզենայի,  որ ամբողջ հանրապետությունում  ներդրված լիներ բժշկական ապահովագրություն, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իրեն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանար ճիշտ ժամանակին։

-Որպես բժիշկ Ձեր սկզբունքները, որոնց երբեք չեք դավաճանի:

-Հավատարիմ լինել իմ տված երդմանը։ Ցանկացած որոշում կայացնելիս առաջին հերթին կարևորել ինձ վստահած հիվանդի առողջությունն ու կյանքը։

Կարինե Գևորգյան



loading...