Նոր Հայաստանի հաղթական ձեռքբերումների նավարկությունն սկսված է. Տավուշի մարզպետ Հ. Չոբանյան


Նոր Հայաստանի հաղթական ձեռքբերումների նավարկությունն սկսված է. Տավուշի մարզպետ Հ. Չոբանյան
Փետրվար 11 11:16 2019

Փետրվարի 6-ին կառավարության որոշմամբ Տավուշի մարզպետի  նշանակվեց Հայկ Չոբանյանը։ ArmDay.am-ը  մարզի առաջնահերթ խնդիրների ու առաջիկա քայլերի մասին զրուցել է նորանշանակ մարզպետի հետ:

- Երբևէ մտածե՞լ էիք, մարզպետ լինելու մասին, նման ցանկություն ունեցե՞լ եք:

-Միշտ համոզված եմ եղել, որ Հայաստանի իրական զարգացում կարող ենք արձանագրել միայն մարզերի զարգացման դեպքում, հաղթանակ՝ երբ մարզերը գերազանցեն մայրաքաղաքին տնտեսական ցուցանիշներով։ Մարզպետի դերը շատ կարևոր է այս գործում, քանի որ ես մրցակցային ապակենտրոն զարգացման կողմնակից եմ։ 

Մարզպետ դառնալու թեման նյութականացավ նախընտրական շրջանում, երբ մարդկանց հետ քննարկում էի հաջողության բանաձևեր, ու ժպիտ էր հայտնվում նրանց դեմքերին։

-Կուսակցական պատկանելություն ունեցե՞լ եք, ունե՞ք:

-Երբեք կուսակցական չեմ եղել, ընդ որում՝ ոչ թե պատահաբար, այլ սկզբունքորեն։ Իմ նախապատվությունը գաղափարն ու սկզբունքն է, որոնք հաճախ խոցելի են դառնում կուսակցական հովանոցի ներքո։ Չեմ ասում, թե դա ավելի ճիշտ է, բայց հաստատ ավելի ապահով։

-Առաջնահերթ ի՞նչ խնդիրների լուծման առաջ  է կանգնած Տավուշի մարզը:

Բոլոր խնդիրներն առաջնահերթ են, որոնց լուծման համար մեծ մտածող, աշխատասեր և ազնիվ մարդկանց բանակ է պետք։ Այսօր դա ամենաօրախնդիր մարտահրավերն է։

-Նոր Հայաստանի հետ ի՞նչ հույսեր եք կապում:

-Հույսը շատ թույլ բառ է՝ իմ սպասումնեը որակելու համար։ Համոզված եմ, որ Նոր Հայաստանի հաղթական ձեռքբերումների նավարկությունն սկսված է, հաջողություններն անշրջելի են լինելու։

-Ինչպիսի՞ն եք տեսնում Տավուշի մարզը մի քանի տարի անց:

-Կտեսնեք՝ մենք դեռ կգերազանցենք մեր երազանքները։