Տորֆ կտրելու համար սարատեղ գնացած տղամարդուն դաժանաբար խոշտանգել, սպանել ու թաղել էին. 2001 թ. ինչպես եղել է


Տորֆ կտրելու համար սարատեղ գնացած տղամարդուն դաժանաբար խոշտանգել, սպանել ու թաղել էին. 2001 թ. ինչպես եղել է
Փետրվար 11 09:32 2019

1in.am-ը գրում է.

2001 թվականի սեպտեմբերի 8-ին Մարտունու ՆԳ բաժնում գյուղերից մեկի բնակիչը հայտարարություն տվեց, թե եղբայրը՝ 1964 թվականին ծնված Մարտունը (անունները փոխված են) հինգ օր առաջ՝ սեպտեմբերի 3-ին, տանից դուրս է եկել ու չի վերադարձել: Ըստ հարազատների՝ Մարտունը գնացել էր հանդամաս՝ տորֆ կտրելու: Նա տանեցիներին ասել էր, թե երեկոյան կվերադառնա, բայց հինգ օր էր՝ չէր վերադառնում:

Մարտունին որոնելու աշխատանքներ իրականացվեցին ոչ միայն տվյալ տարածքում, այլև հարևան շրջաններում:

Հարազատների կողմից մատնանշված սարատեղի մոտակա գյուղերի բնակիչների մասնակցությամբ իրավապահները «սանրեցին» տարածքը: Տորֆի հանքավայրերից մեկի մոտ հայտնաբերվեցին Մարտունի բահը և ուտելիքը: Տարօրինակ էր, որ Մարտունն իր բահը և ուտելիքը թողել-հեռացել էր…

Վարկածներից մեկը չէր բացառում, որ Մարտունը գիշատիչ գազանների զոհ դարձած լիներ: Բայց այդ վարկածը հաստատող ոչ մի հետք չհայտնաբերվեց: Մարտունի հետքերը այդ վայրում կարծես կորչում էին… Բայց շուտով հայտնի դարձավ, որ Մարտունը այցելել էր հանդամասում գտնվող վրաններից մեկը, որտեղ երեք մարդ կար՝ ամուսիններ ու նրանց ազգական տղամարդը:

Այդ հետքի վրա իրավապահներն ընկան տրակտորիստից ստացած տեղեկության հիման վրա՝ սարատեղ գնացող Մարտունին տրակտորիստը խնդրել էր մտնել հիշյալ վրան ու այնտեղ ապրողներին տեղեկացնել, թե գյուղից տրակտորիստի միջոցով նրանց համար ապրանք են ուղարկել:

Վրանում ապրողները չժխտեցին, որ Մարտունը մտել է իրենց վրան, հայտնել է տեղեկությունը, հետո գնացել է ուրիշ «օբա»:

Սարատեղում իրավապահները շարունակեցին որոնողական աշխատանքները: Իմացան, որ օրեր առաջ սարվորներից մեկի ձին գիշերով անհետացել ու առավոտյան վերադարձել էր տիրոջ մոտ՝ գերհոգնած վիճակում՝ փորամասում՝ պարանից առաջացած վնասվածքների հետքեր: Պարզ էր, որ գիշերով ինչ-որ մեկը այդ ձիով ծանր բեռ էր տեղափոխել: Ձիու հետքեր հայտնաբերվեցին նաև այն վրանի մոտակայքում, որտեղ վերջին անգամ տեսել էին Մարտունին…

Այդ վրանը սեպտեմբերի 5-ին հավաքել էին, ամուսիններն ու նրանց ազգականը տեղափոխվել էին: Բայց տվյալ տեղանքը շարունակեց մնալ ուշադրության կենտրոնում: Այնտեղ հայտնաբերված ձիու հետքերի խորությունը վկայում էր, որ ձին բեռնված է եղել…

Շուտով նույն տարածքում գտնվող խոտի դեզի տակ հայտնաբերվեցին խարույկի հետքեր, իսկ խարույկի մեջ հայտնաբերվեցին այրված շորերի կտորներ, որոնք համընկնում էին Մարտունի հագուստի նկարագրությանը…

Վրանի բնակիչ ամուսիններին ու նրանց ազգականին մի քանի անգամ հարցաքննեցին: 1968 թվականին ծնված Սուրենը, նրա կինը՝ 1969 թվականին ծնված Նունեն, ու նրանց ազգականը՝ 1965 թվականին ծնված Արտաշը, պնդում էին, թե Մարտունի անհետացումից իրենք տեղեկություն չունեն՝ նա մտել է իրենց վրան, հաղորդել է տրակտորիստի ասածը: Իրենց հետ մի կտոր հաց է կերել, մի-մի թաս բան են խմել, հետո Մարտունը հեռացել է՝ ասելով, թե ուրիշ «օբա» է գնալու…

Բայց օրեր անց երեքը սկսեցին մանրամասն պատմել մեկ այլ պատմություն՝ ինչպես էին սպանել Մարտունին…

Ամուսիններն ու նրանց ազգականը սարատեղում խոտ էին հնձում: Սեպտեմբերի 3-ին իրենց գործի մեծ մասն ավարտել էին: Մնում էր լուծեին խոտի տեղափոխման հարցը: Երբ նստել էին հացի, հայտնվել էր Մարտունը: Նա որոշ ժամանակ մնացել, նրանց հետ հաց էր կերել ու գնացել էր տորֆ կտրելու: Սուրենն ու Արտուշը գնացել էին տրակտորիստին հանդիպելու, իրենց ապրանքը վերցնելու: Տրակտորիստի հետ էլ էին խմել: Վերադարձել էին վրան:

Նունեն դուրս էր եկել ընդառաջ ու զայրացած ասել էր, թե Մարտունը եկել էր վրան, իրեն քաշքշել էր…

Մարտունի վրա հարձակվել էին անսպասելի: Դաժանաբար ծեծել էին: Բայց ծեծով չբավարարվելով՝ վրան բենզին էին լցրել ու վառել: Հետո կրակը հանգցրել էին ու շարունակել էին ծեծել… Դրանից հետո Սուրենը պահանջել էր, որ կինն էլ բենզին լցնի Մարտունի վրա ու վառի: Կինը արել էր, բայց կրակը հանգել էր…

Մարտունը դիմացել էր խոշտանգումներին: Նրան տեղափոխել էին վրան: Գիշերը Մարտունը փորձել էր փախչել վրանից, բայց մուրճով հարվածել էին գլխին…

Ամբողջ գիշեր ծանր վնասվածքներ ստացած Մարտունը փսխել ու զառանցել էր: Նրա գլխին մի քանի անգամ մուրճի հարված էր իջել…

Առավոտյան Մարտունը դեռ շնչում էր: Նրան ծածկել էին ու գնացել էին իրենց գործին: Երբ կեսօրին վերադարձել էին, Մարտունն արդեն չէր շնչում… Դիակը պահել էին դեզի տակ: Որոշել էին ձի ճարել ու ազատվել դիակից:

Ձի կարողացել էին ճարել հաջորդ օրը: Դիակը ծածկոցի մեջ էին դրել, կապկպել էին ձիուն, մի քանի կիլոմետր հեռացրել էին իրենց վրանից ու թաղել էին…

Հետքերը վերացնելու համար արյունոտ շորերն ու ծածկոցը թաքցրել էին գազանների բների մեջ, շորերի մի մասը այրել էին, մուրճը գցել էին ճահիճը:

Սեպտեմբերի 14-ին Արտուշը ցույց էր տվել դիակի, մուրճի, շորերի տեղերը…

Ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար ամբաստանյալներն իրենց մեղավոր չէին ճանաչել…