Հիվանդանոցում մահացել է ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» 21-ամյա ազգականը. նա հրազենային վնասվածք էր ստացել «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ


Հիվանդանոցում մահացել է ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» 21-ամյա ազգականը. նա հրազենային վնասվածք էր ստացել «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ
Փետրվար 10 23:04 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 10-ին, Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ջիվան Հարությունյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 29-ին՝ Աբովյան քաղաքում գործող, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցների արդյունքում մի խումբ անձանց հետ հրազենային վնասվածք ստանալու հետևանքով: Ջ. Հարությունյանը նախկին պատգամավորի ազգականն էր: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 29-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում:

Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ էր ստացվել Աբովյանի և Երևանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային և մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում: Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ, քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:

Տեղում են եղել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրից: Նշված ռեստորանային համալիրում աշխատել են մեծ թվով քննիչներ, մարզի քննչական վարչության պետ Մ.Վարդանյանի ու Աբովյանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեծ թվով փորձաքրեագետներ, փորձաքրեագիտական վարչության պետ Լ. Սաֆարյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ ռեստորանի բակն ու հարակից տարածքը հիշեցնում է մարտի դաշտ: Գործի էին դրվել մի քանի տեսակի զենքեր, այդ թվում «Մակարով» և «TT» տեսակի ատրճանակներ, ռեստորանի և դրան հարակից տարածքում հայտնաբերվել էին մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, երկաթե լինգ որի վրա առկա է արյան հետք, և արյունոտ գլխարկ: Ոստիկաններն ու քննիչները պարզում էին սպանվածի, և 8 վիրավորների ինքնությունը: Ռեստորանի կուպեներից մեկում հայտնաբերվել էին «կառտեր», և այդ կուպեն քննիչի որոշմամբ փակվել է, որպեսզի հատուկ փորձագետները զննություն կատարեն: Փաստի առթիվ քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և խմբի ղեկավարի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/02/10/1117142/