Շիրակի մարզում տղամարդը հրազենային վիրավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց


Շիրակի մարզում տղամարդը հրազենային վիրավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Փետրվար 10 12:57 2019

Փետրվարի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում Գյումրի բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի ստորին 3-րդի բազմաբեկոր բաց կոտրվածք, հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի:

Բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Տարոն Քերոփյանն է: Ոստիկանները պարզել են նաև, որ վերջինս նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում իր տանը՝ Շիրակի մարզի Արևշատ գյուղի բնակիչ, 40-ամյա Արշալույս Խաչատրյանի կողմից պատահաբար ձեռքը երկփողանի որսորդական հրացանի ձգանին կպչելու և կրակելու հետևանքով:

Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են Ա. Խաչատրյանին և բերման ենթարկել ոստիկանություն: Արդեն տեղում Կումայրիի ոստիկանները համագործակցելով ոստիկանության Արագածի բաժնի իրենց գործընկերների հետ, այնուհետև կատարելով բացատրական աշխատանքներ, պարզել են, որ հրացանը գտնվում է Ա. Խաչատրյանի մորեղբոր՝ Նորաշեն գյուղում գտնվող տանը: Արդեն այնտեղ զննությամբ հայտնաբերել և առգրավել են «ՏՈԶ 63» տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը:

Կայքի տեղեկություններով՝ Ա. Խաչատրյանը վիրավորի հորաքրոջ որդին է և աշխատում է Շիրակի մարզի Արևշատ գյուղի դպրոցում՝ որպես զինղեկ: