Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ


Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ
Փետրվար 10 11:20 2019

1. Երբեք հյուր մի գնացեք առանց նախապես զանգահարելու: Եթե ձեզ այցելել են առանց զգուշացման, կարող եք հյուրերին ընդունել տնային հագուստով։ Բրիտանացի մի լեդի ասում էր, որ անկոչ հյուրերի հայտնվելուն պես նա միշտ հագնում է կոշիկները, դնում գլխարկն ու վերցնում հովանոցը։ Եթե հյուրն իրեն հաճելի է, նա բացականչում է. «Ինչ լավ է, ես էլ հենց նոր տուն մտա»։ Եթե տհաճ է. «Ցավոք, ես ստիպված եմ դուրս գալ»։

2. Ով էլ որ լինեք` տնօրեն, ակադեմիկոս, տարեց կին թե դպրոցական, որևէ տեղ մտնելիս միշտ առաջինը բարևեք։

3. Ձեռքսեղմում. կանանց հետ ընդունված չէ ձեռքսեղմամբ ողջույնը, սակայն եթե նա առաջինն է տղամարդուն ձեռք մեկնում, պետք է սեղմել այն, բայց ոչ այնքան ուժեղ, որքան տղամարդունը։

4. Ռեստորանում արված պատվերի համար վճարման կանոնը եթե դուք ասում եք` ես ձեզ հրավիրում եմ, դա նշանակում է, որ վճարում եք դուք։ Եթե կինն իր գործընկերոջը հրավիրում է ռեստորան, ինքն էլ վճարում է։ Մեկ այլ ձևակերպում. «Եկեք գնանք ռեստորան». այս դեպքում յուրաքանչյուրը վճարում է իր համար, և միայն եթե տղամարդն առաջարկում է վճարել կնոջ փոխարեն, նա կարող է համաձայնել։

5. Հովանոցը երբեք չի չորանում բաց վիճակում` ոչ գրասենյակում, ոչ հյուր գնալիս։ Այն պետք է ծալել և դնել հատուկ տեղում կամ կախել։

6. Պայուսակը չի կարելի դնել ծնկներին կամ սեփական աթոռին։ Փոքրիկ կլատչ-պայուսակը կարելի է դնել սեղանին, մեծ պայուսակը` կախել աթոռի մեջքից կամ դնել հատակին, եթե հատուկ աթոռ չկա։ Պորտֆելը դնում են հատակին։

7. Օծանելիքի օգտագործման ոսկե կանոնը չափավորությունն է։ Եթե երեկոյան դուք զգում եք սեփական օծանելիքի հոտը, ապա իմացեք` բոլորն արդեն դրանից «խեղդվել են»։

8. Եթե դուք քայլում եք ինչ-որ մեկի հետ, և ձեր ուղեկիցը բարևում է ձեզ անծանոթ որևէ մեկի, դուք նույնպես պետք է բարևեք։

9. Ցելոֆանե փաթեթները, ինչպես նաև բուտիկների թղթե տոպրակները կարելի է օգտագործել միայն սուպերմարկետից վերադառնալիս։ Դրանք հետագայում որպես պայուսակ գործածելն անբարեկրթություն է։

10. Տղամարդը երբեք կնոջ պայուսակ չի կրում։ Եվ կնոջ վերարկուն նա վերցնում է միայն այն բանի համար, որպեսզի տանի այն մինչև հանդերձարան։

11. Տնային հագուստը հարմարավետ, բայց նորմալ տեսք ունեցող տաբատն ու բլուզն են։ Խալաթն ու գիշերազգեստը նախատեսված են առավոտյան լողասենյակ գնալու, իսկ երեկոյան` այնտեղից վերադառնալու համար։