Տանտիրուհին նկուղը մաքրելիս զենք-զինամթերք էր գտել


Տանտիրուհին նկուղը մաքրելիս զենք-զինամթերք էր գտել
Փետրվար 9 22:50 2019

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու գործընթացը՝ շեշտը դնելով քարոզչության վրա։ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում, փետրվարի 4-ին արձանագրվեց զենք-զինամթերքն ինքնակամ հանձնելու դեպք։

Ժամը 17-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժին դիմած Կարբի համայնքի բնակչուհին իրավապահներին ներկայացրեց ԱԿՄ տեսակի, գործարանային համարով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 47 փամփուշտ։ Հայտնեց, որ ինքնաձիգը գտել է նկուղը մաքրելիս, այն պատկանել է հանգուցյալ ամուսնուն, որը ձեռք է բերել Արցախյան ազատամարտի տարիներին։

Ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։

Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերք ունենալու դեպքում անպայման կամավոր ներկայացնել ոստիկանություն, քանի որ միայն այդ դեպքում է անձն ազատվում ապօրինի պահելու համար նախատեսված քրեական պատժից։