Հավատացած ենք, որ Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք. Պյոտր Սվիտալսկի


Հավատացած ենք, որ Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք. Պյոտր Սվիտալսկի
Փետրվար 9 21:37 2019

Եվրամիությունը  կշարունակի բազմաբնույթ ծրագրեր իրականացնել Հայաստանում. մշակված ծրագրերը հիմնականում իրականացվում են Հայաստանի 3 հյուսիսային մարզերում` Շիրակ, Լոռի և  Տավուշ:  Դրանք  բազմաբնույթ  են և  ներառում են տուրիզմի, տեղեկատվության, գյուղատնտեսության և մի շարք  այլ  ոլորտներ:  ԵՄ-ն Հայաստանի կառավարությանը կաջակցի նաև հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ճամանակ նշեց Հայաստանում Եվրամիության  դեսպան Պյոտր  Սվիտալսկին:

Հայաստանի  կառավարության հետ Եվրամիությունը կնքել է այսպես կոչված «շրջանակային» համաձայնագիր: Այդ համաձայնագրով նախատեսված  են հիմնական ուղղությունները, որոնցով Եվրամիությունը պետք է Հայաստանին աջակցություն տրամադրի, և  որոշ  ժամանակ անց կհատկորոշենք   կոնկրետ այն ծրագրերը, որոնք Հայաստանի կառավարություն հետ համատեղ իրականացնում ենք  Հայաստանի 3 հյուսիսային մարզերում: Հուսով եմ որ լավ գաղափարներ, լավ ծրագրեր կներակայացվեն»,-նշեց դեսպանը՝ կարևորելով հենց այդ մարզերի բնակչության կողմից ներկայացվող ստեղծարար ծրագրերը: 

Եվրամիության  կողմից տրամադրվող գումարի մեծ մասը ուղղվելու է բիզնես  գաղափարների ֆինանսավորմանը՝  մասնավորապես, փոքր բիզնես  ձեռնարկությունների ծրագրերի իրականացմանը: «Հետևաբար, ակնկալում  ենք, որ բոլոր ներգրավված կողմերը կներկայացնեն լավ գաղափարներ.  խոսքը միայն զբոսաշրջության ու գյուղատնտեսության ոլորտների մասին չէ, մենք  նախաձեռնել ենք նաև  ֆինանսավորում այնպիսի  ոլորտների համար, ինչպիսիք են ստեղծարար արդյունաբերությունը, մշակույթը: Միաժամանակ կշարունակենք  իրականացնել նաև այն ծրագրերը, որոնք  սկսել ենք. օրինակ՝ դահուկային և բրդի  վերամշակման կենտրոնների ծրագրերը»,- նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը:

Եվրամիությունը կշարունակի նաև աջակցել Հայաստանին հակակոռուպցիոն ծրագրեր  իրականացնելու  գործում: «Այդ ուղղությամբ աջակցություն տրամադրելու ենք՝  հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը արդեն հաստատել է իր գործողությունների ծրագիրը, և այնտեղ կան համատեղ քայլեր, որոնցից մեկը  վերաբերում է Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը: Մենք  հավատացած ենք, որ նոր Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք: Բայց այդ նախաձեռնությունն, անշուշտ, պահանաջում է հանրության կողմից աջակցություն և՛  ինստիտուցիոնալ, և՛  օրենսդրական կառույցների առկայություն»,- ընդգծեց Սվիտալսկին: