Գրպանահատության նոր դեպքեր են բացահայտվել. Ուղեւորուհին չէր նկատել, բայց ոստիկանները տեսել էին


Գրպանահատության նոր դեպքեր են բացահայտվել. Ուղեւորուհին չէր նկատել, բայց ոստիկանները տեսել էին
Փետրվար 9 19:46 2019

Ոստիկանությունը շարունակում է հետեւողական պայքարը գրպանահատության դեմ, յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում հասարակությանը, ինչն ինքնին զգոնության կոչ է եւ կանխարգելիչ նկատառում ունի:

Փետրվարի 6-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Քանաքեռի բնակիչ Հարություն Ն.-ին Բաղրամյան պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին:

Նա ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էր հափշտակել, որի մեջ եղել էին բանկային քարտ եւ փող:

Ուղեւորուհին չէր նկատել Հարությունին, բայց նրա կասկածելի վարքը չէր վրիպել ոստիկանների աչքից` բռնել էին:

Նմանատիպ մի դեպք էլ հաջորդ օրը գրանցվեց Էրեբունու վարչական տարածքում:

Փետրվարի 7-ին, ժամը 12-ի սահմաններում, օգտվելով ավտոբուսի նեղվածքից, Դավիթ Բեկի փողոցի բնակիչ Գրիգոր Ղ.-ն ձեռքերի հմտությանն էր դիմել, մի տղամարդու գրպանից հափշտակել էր դրամապանակը, բայց գործն ավարտին հասցնել չէր կարողացել, Տիգրան Մեծի պողոտայում, ավտոբուսից իջնելիս դարձյալ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները բռնել էին նրան, Էրեբունու բաժին բերման ենթարկել:

Երկու դեպքում էլ ոստիկանները գողոնը ձեռքներին էին բռնել, կատարածը հերքելն անհնար էր:

Նրանք երկուսն էլ խոստովանական բացատրություններ են տվել:

Տուժողներից ընդունվել է հաղորդում:

Նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս հատկապես այն վայրերում, որտեղ հասկանալի պատճառներով նեղվածք է, լինի շուկա, տոնավաճառ, թե երթուղային, պայուսակները, դրամապանակներն ու բջջային հեռախոսները պահել տեսադաշտում: