Հիփոթեկային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշներին. Փաշինյան


Հիփոթեկային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշներին. Փաշինյան
Փետրվար 8 10:13 2019

2018 թվականին հայաստանյան բանկերի տրամադրած հիփոթեկային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հեղափոխությունից հետո բանկերը, ըստ էության, տրամադրել են նույնքան հիթոփեկային վարկ, որքան ողջ 2017 թվականի ընթացքում, իսկ բանկային տոկոսադրույքները շարունակաբար նվազում են:

 

Ընդ որում, հիփոթեկային վարկավորման աճի տեմպը մեծանում է՝ հատկապես կառավարության որոշումների ազդեցության ներքո:

«Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակներում՝ 2018թ. նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի նկատմամբ աճը՝ 41 տոկոս, դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ աճը՝ 85 տոկոս, 2019 թվականի հունվարը 2018 թվականի հունվարի նկատմամբ՝ աճը 131 տոկոս:

131 տոկոս. սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ազատ, իրավատեր, երիտասարդ քաղաքացին ապագան կապում է սեփական հայրենիքի, բացառապես սեփական հայրենիքի հետ»: