Մենք դեռ տարածքներ պիտի վերադարձնենք, ի՞նչ տարածք տալու մասին է խոսքը. Ռ. Մխիթարյան. (տեսանյութ, լուսանկարներ)


Մենք դեռ տարածքներ պիտի վերադարձնենք, ի՞նչ  տարածք տալու մասին է խոսքը. Ռ. Մխիթարյան. (տեսանյութ, լուսանկարներ)
Հունվար 28 21:30 2019

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է,Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը 27 տարեկան է։

ArmDay.am-ը   տոնի հետ կապված զրուցել է  Երևանի ԵԿՄ վարչության նախագահ  ՄԷԳՎԱԽ կամավորական ջոկատի փոխհրամանատար, փոխգնդապետ, «Էլիպս» ռոք խմբի մեներգիչ Ռոմիկ Մխիթարյանի հետ:

Նշենք, որ «Ախպերս ու ես» սիրված հայրենասիրական երգը գրվել է 1990-ականներին՝ Արցախյան գոյամարտի թեժ տարիներին, հենց խրամատում: Երգի հեղինակը Աշոտ Բեգոյանն է, ով հայտնի է որպես գուսան Տոտիկ: Այն նվիրվել Ռոմիկ և  Ռոլանդ եղբայրներին,ովքեր մասնակցել են 1989-1994թթ. բոլոր մարտական գործողություններին:

Ռոմիկ Մխիթարիանի խոսքով՝ մարդկային առումներով, դուխի առումով  իրենց ժամանակաշրջանի  և այսօրվա զինվորների միջև տարբերություն չկա:

«Նույն հերոսներն են կանգնած բանակում,դա մեր գենի մեջ է, մենք կռվող ժողովուրդ ենք, երբ մեզ պարտադրում են պատերազմ»,-ասաց նա:

Արցախյան պատերազմի հերոսը նշեց, որ այսօրվա բանակը շատ ավելի պատրաստված է,տեխնիկապես,սպառազինությամբ հագեցած է,զինվորն ավելի ապահով է ՝ ի տարբերություն 80-ականների պատերազմի:

Այն հարցին, թե ինչ կարծիք ունի, թշնամու՝ հույսեր փայփայելու հետ կապված, արդյո՞ք տարածքներ զիջելու վտանգ կա, Ռոմիկ Մխիթարյանը պատասխանեց.

«Հակառակորդը զուր հույսեր է փայփայում: Մենք դեռ տարածքներ պիտի վերադարձնենք, ի՞նչ  տարածք տալու մասին է խոսքը»:

Անդրադառնալով զինվորի ապահովությանն ու ծառայության պայմաններին՝         մեր զրուցակիցը զինվորների հարազատներին կոչ արեց  հանգիստ լինել,քանի որ  այլևս ոչ ոք չի կարող գողանալ զինվորի բաժինը:

«Հայոց բանակը եղել է, կա և լինելու է կարևորագույն գործոնը մեր պետության մեջ: Շնորհավորում եմ ողջ հայությանը,քանի որ բանակը մեր ժողովրդինն է, մեր միակ կայացած արժեքն է: Շնորհավորում եմ մեր բոլոր ազատամարտիկներին, ովքեր արյուն են թափել, և որոնց շնորհիվ է ստեղծվել մեր հայոց բանակը,շնորհավորում եմ զինվորից մինչև գերագույն հրամանատար: Մաղթում եմ խաղաղ երկինք,  բայց և հարկ եղած դեպքում՝ հաղթանակներ: Շնորհավորում եմ Եռաբլուրին, մեր Սպարապետին՝ իր երկնային բանակով»,-շնորհավորական խոսքով խոսքը եզրափակեց Ռոմիկ Մխիթարյանը:



loading...