«Ծխախոտն ու նարգիլեն անհամատեղելի են»․ տնտեսվարողները դեմ են աղմկահարույց օրինագծին


«Ծխախոտն ու նարգիլեն անհամատեղելի են»․ տնտեսվարողները դեմ են աղմկահարույց օրինագծին
Հունվար 21 15:22 2019

ՀՀ առողջապահության նախարարությունն օրերս շրջանառության մեջ է դրել հանրային վայրերում ծխելն արգելելու մասին օրենքի նախագիծ, որի արդյունքում շահագրգիռ կողմերի շրջանում  առաջ են եկել բողոքներ։ Հայտնի է, որ ՀՀ տարածքում՝  հատկապես Երևանում, գործում են բազմաթիվ նարգիլեի մասնագիտացված սրահներ, որտեղ ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն նարգիլե ծխել և կազմակերպել իրենց ժամանցը։ Նախագիծը արգելք է հանդիսանում նաև այս առումով, ինչն առաջացրել է վերոնշյալ բիզնեսով զբաղվող մի խումբ անձանց զայրույթը։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ անձինք ներակայցրին իրենց բողոքներն ու պահանջները, որոնք նաև բաց նամակի տեսքով պատրաստվում են ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մանսավորապես՝ բանախոսներից Գոռ Գասպարյանը նշեց, որ մինչ օրինագիծը շրջանառության մեջ դնելը, ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է շահառու խմբերի հետ քննարկումներ անցկացնել, սակայն իրենց հետ որևէ քննարկում չի եղել։ Բացի այդ, ըստ Գասպարյանի, արգելելով նարգիլեի օգտագործումը, պետությունը վնասում է նաև տուրիզմին, երիտասարդությանը, ժամանցին, ինպես նաև իր հետ բերում է հազարավոր աշխատատեղերի կրճատում։

«Ծխախոտն ու նարգիլեն անհամատեղելի են, մենք չենք էլ ցանկանում խոսել ծխախոտից, քանի որ այն մեր ոլորտը չէ։ Նույն կետի տակ է դրված այն ամենն, ինչից ծուխ է դուրս գալիս, սակայն անհրաժեշտ է տարանջատել ծխախոտը նարգիլեից»․-ասաց նա։

«Նարգիլե սիրողների միության» համակարգող Ժորա Փանոսյանը նշեց, որ այդ ոլորտը նոր է զարգանում ՀՀ-ում, սակայն արդեն 10 տարուց ավելի է կան ներդրողներ, և նարգիլեի բիզնեսով զբաղվողներ։ ArmDay.am-ի հարցին, թե ուսումնասիրե՞լ եք միջազգային փորձը, մասնավորապես, այն երկրնեի շրջանում, որտեղ գործում է ծխախոտի արգելման օրինագիծ, և արդյո՞ք այդ երկրներում թույլատրվում է օգտագործել նարգիլե, Փանոսյանը պատասխանեց,-«Այո, ես կարող եմ բազմաթիվ այդպիսի երկրներ թվել՝ Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Ռուսաստան, Ճապոնիա, Իտալիա, ԱՄՆ, ցանկն անվերջ է։ Այս երկրներում կան բազմաթիվ մասնագիտացված նարգիլեի սրահներ։  Ամբողջ աշխարհն արդեն տասնամյակներ շարունակ պայքարում է վատ սովորությունների դեմ, բայց դա պետք է  սկսել ծխախոտային ապրանքների վրա աքցիզային հարկի բարձրացումից։ Գերմանիայում 2009թ․-ին ընդունվել է այս օրինագծի նման օրինագիծ, սակայն Գերմանիայի կառավարությունը 2 տարի անց՝ 2011թ․-ին ներողություն խնդրեց իր ժողովրդից, և օրինագիծը հանեց»։

Տնտեսվարողներն ասուլիսի ավարտին նշեցին, որ իրենք հիասթափված են ՀՀ կառավարությունից, քանի որ ի սկզբանե  իշխանությունները ձեռնամուխ էին եղել փոքր և միջին բիզնեսի ու տուրիզմի զարգացմանը, բայց այս քայլով նրանք հավասարաչափ վնաս են հասցնում այդ ոլորտներին։

Վաչիկ Գրիգորյան