Ինտերպոլի նախկին նախագահի կինը Ֆրանսիայից ապաստան է խնդրել


Ինտերպոլի նախկին նախագահի կինը Ֆրանսիայից ապաստան է խնդրել
Հունվար 18 23:10 2019

Ինտերպոլի նախկին նախագահ Մեն Հունվեի կինը, որի նկատմամբ Չինաստանում կոռուպցիոն գործով հետաքննություն է ընթանում, ֆրանսիական իշխանություններից ապաստան է խնդրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով France Inter-ին:

«Ես կարիք ունեմ, որպեսզի ֆրանսիական իշխանությունները պաշտպանեն ինձ, օգնեն ինձ, ինձ եւ իմ երեխաներին», - հայտարարել է Գրեյս Մէնը:

Կինը խոստովանել է, որ վախենում է իրեն առեւանգեն: «Ես տարօրինակ հեռախոսազանգեր եմ ստանում: Նույնիսկ վնասել են իմ մեքենան: Չինական արտաքինով կինն ու տղամարդն ինձ հետեւեցին մինչեւ հյուրանոց», - ավելացրել է նա: Ավելի վաղ Գրեյս Մենը հայտարարել էր, որ իր հասցեին սպառնալիքներ է ստանում հեռախոսով, բայց չի հասկանում, թե ինչ պատճառներ են դրա ետեւում թաքնվում:

Հոկտեմբեր ամսվա սկզբին լրատվամիջոցները հաղորդեցին, որ Ֆրանսիայի իշխանությունները սկսել են հետաքննել Ինտերպոլի նախագահի անհետացումը, որը սեպտեմբերի վերջին գնացել էր Չինաստան: Հաղորդվեց, որ Մենգ Հունվեյը սեպտեմբերի 29-ին մեկնել է Ֆրանսիայից, եւ այդ պահից նա այլեւս կապի մեջ չի եղել: Ինտերպոլի նախագահի անհետացման մասին ֆրանսիական ոստիկանությանը տեղեկացրել է նրա կինը, որը երեխաների հետ ապրում է Լիոնում, որտեղ գտնվում է կազմակերպության կենտրոնակայանը:

Չինական իշխանությունները հետագայում հայտարարեցին, որ Ինտերպոլի ղեկավարը, որը համարվում էր անհայտ կորած, կասկածվում է օրենքը խախտելու մեջ, եւ Պետական վերահսկողության հանձնաժողովը հետաքննում է նրան: Մի քանի ժամ անց Ինտերպոլը հաղորդեց, որ Լիոնում գտնվող գլխավոր քարտուղարությունը խնդրանք է ստացել՝ կազմակերպության ղեկավար Մենգ Հունվեյին այդ պաշտոնից հեռացնելու մասին։ Նոյեմբերին ֆրանսիական իշխանությունները նրա անհետացման գործով հետաքննությունը փակեցին: