Խաչատուրովն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն էլ` ձեզ նվեր.Շարմազանով


Խաչատուրովն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն էլ` ձեզ նվեր.Շարմազանով
Հունվար 18 21:16 2019

ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստի ավարտից հետո ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, տեսնելով հավաքված լրագրողների բազմությունը, նշեց.

«Պառլամենտում տխո՞ւր ա առանց մեզ»:

Նա նշեց, որ նիստում որևէ արտառոց բան չի կատարվել, սովորականի պես քննարկել են ներկուսակցական խնդիրներ, կազմակերպչական հարցեր:

«Տեղյակ եք, որ կուսակցությունն այլևս ընդդիմություն է, մենք ունենք մեր ներկուսակցական խնդիրները, արտառոց որևէ բան չկա: Կուսակցությունն իր գաղափարաքարոզչական աշխատանքը պիտի շարունակի»,- ասաց նա:

Շարմազանովը նշեց, որ նիստի ժամանակ անդրադարձել են նաև երկրում տիրող իրավիճակին: Նա շեշտեց` ինքն ու մի քանի կուսակից ընկերներ պարբերաբար իրենց կարծիքն արտահայտում են, և այդ կարծիքը չի տարբերվում կուսակցության գնահատականից: Շարմազանովն ասաց, որ իրենք մտահոգություններ ունեն արտաքին քաղաքականության, ԼՂ հարցի հետ կապված, ապա ընդգծեց` սա չի նշանակում, որ իրենք ասում են, թե նոր կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ, եկել է, որ Հայաստանը տանի ձախողումների, պարզապես իրենք չեն կարող նշել այն մտահոգությունները, որ կան:

«Ասողին պետք է լսող լինի: Արդեն որերորդ անգամ հանդիպում են նախարարներ Մնացականյանն ու Մամեդյարովը, որից հետո տարածվող հայտարարությունը բավարար չէ, այնտեղ երեք սկզբունքների մասին խոսք չկա, ինքնորոշման իրավունքի մասին որևէ հղում չկա: Վարչապետ Փաշինյանն ասում է` բանակցային գործընթաց չկա, բա որ չկա, 4 ժամ ի՞նչ են արել, եղանակի տեսությունի՞ց են խոսել: ԱՄՆ հեռացող դեսպանը գնահատականներ էր հնչեցնում, «տարածքներ կարգավիճակի դիմաց» կոնցեպտն էր ներկայացնում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սա հեռացող դեսպանի հայտարարություն է: Այն ժամանակ էլ ենք քննադատել, հիմա էլ: Հաջորդեց Բոլտոնի այցը, որ նշեց, թե Հայաստանն իր կաղապարներից պետք է հրաժարվի, դարձյալ գնահատական չտրվեց»,- ասաց Շարմազանովը:

Նա նշեց` իրեն մտահոգում է նաև այն, որ Մամեդյարովը, Ալիևը հույսեր են կապում, հայտնի չէ, թե ինչ հույսեր են կապում, Հայաստանի իշխանությունն, ըստ Շարմազանովի, որևէ գնահատական չի տվել: Նա ընդգծեց` իրենք չեն ասում, թե նոր իշխանությունները միակողմանի զիջում են անելու, պարզապես նշում են, որ նրանք անփորձ են, իրենք կորցնում են դիրքերը ԼՂ հիմնահարցում:

«Երբ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ պատրաստ է Արցախին տալ Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակ, ու այստեղից, բացի մի քանի հանրապետականից և դաշնակցականից, հստակ ու կոշտ գնահատական չի հնչեցվում, մտահոգություններն ավելանում են: Հաջորդը, ԱԺ նախագահը հնչեցրեց, ազնվորեն նշեց, բայց դա քիչ է, նշեց, որ 2019 թ. ամբողջությամբ չի հասցվի ու չի վավերացվի ՀՀ – ԵՄ համաձայնագիրը` այն դեպքում, երբ Փաշինյանը հայտարարում էր հպարտ քաղաքականություն, մեզ էլ մեղադրում էր «վիզը ծուռ» քաղաքականության մեջ, մինչդեռ մենք հասցրել ենք բազմաթիվ օգուտներ քաղել մեր երկրի ու ժողովրդի համար»,- ասաց նա:

Շարմազանովը հիշեցրեց` իրենց օրոք Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել, միևնույն ժամանակ ԵՄ հետ համաձայնագիր է ստորագրվել, որում միայն այն, որ ինքնորոշման իրավունքը հստակ ներկայացված է, օրենքի ուժ է ստանում, արդեն բավական է: Նա նշեց` ոչ թե պետք է ասեին` չենք հասցնի ամբողջությամբ, այլ պետք է այդ հարցն առաջնահերթություն լիներ:

«Այս առումով մտահոգությունները կան, Խաչատուրովն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն էլ` ձեզ նվեր»,- ասաց նա: