Ձայնագրությունում ակնհայտորեն խոսվում էր դատարանի նկատմամբ ճնշման մասին. Քոչարյանի փաստաբան


Ձայնագրությունում ակնհայտորեն խոսվում էր դատարանի նկատմամբ ճնշման մասին. Քոչարյանի փաստաբան
Հունվար 18 20:12 2019

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը Վերաքննիչ քրեական դատարան մեկ բողոք արդեն ներկայացրել է և շուտով պատրաստվում է ներկայացնել ևս մեկը, որը վիճարկելու է կալանքը երկարաձգելու մասին այսօրվա որոշումը։

Ուշագրավ է Քոչարյանի պաշտպանական խմբի արդեն ներկայացրած վերաքննիչ բողոքի բովանդակությունը։ Այսօր կալանքի մասին որոշումը հրապարակելուց հետո Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերում է երկու հարցի՝ գործը քննող դատարանի ձևավորմանը և 300.1 հոդվածի հետադարձ ուժ ուենալ-չունենալուն։

«Մենք փորձել ենք վերաքննիչ բողոքով հասկանալ՝ արդյոք գործը քննող դատարանի մակագրության գործընթացը կարող է համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան մեր Սահմանադրության և եվրոպական կոնվենցիայի համատեքստում։ Եվ բացի այդ, առկա են ակնհայտ հանգամանքներ, որ 2008 թվականի արարքների համար պարոն Քոչարյանը կամ որևէ այլ անձ չի կարող ենթարկվել պատասխանատվության 2009 թվականին փոփոխված օրենսդրության համաձայն։

Մենք ունենք 7-ի գործ, որոնց նկատմամբ նույն հոդվածով այդ մեղադրանքները վերացվել են։ Հետևաբար, եթե պետության մեջ կա նույն հոդվածի հետադարձ ուժ տալու կամ չտալու խնդիր, եթե այն ժամանակ դատախազությունը հրաժարվել է 300.1 հոդվածով մեղադրանք առաջադրելուց՝ հաշվի առնելով, որ դրանք վատթարացնող են անձի վիճակը, ապա ինչու չի արվում նույնը։ Չի կարող մի դեպքում չունենալ հետադարձ ուժ, մեկ այլ դեպքում ունենալ», - խնդիրը ներկայացրեց Օրբելյանը։

Պաշտպանը վստահ է՝ Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել Քոչարյանի նկատմամբ՝ 300.1, չի համընկնում 2008-ին գոյություն ունեցած նույն բովանդակությամբ 300 հոդվածի հետ։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ համարելուն, Օրբելյանն ասաց, որ իրավական գործընթացում կայացավել են որոշումներ, կատարվում են քայլեր, որոնք ունեն քաղաքական դրդապատճառներ։

Օրբելյանին զարմացրեց հարցը, թե ըստ իրեն կա՞ն ճնշումներ իրավական գործընթացի վրա. «Որևէ զարգացած երկրում այս պահին արդեն ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը և վարչապետը նման հեռախոսազրույցից հետո չէին շարունակի պաշտոնավարել՝ անկախ նրանից որքան էինք սիրում կամ չէինք սիրում նրանցից որևէ մեկին։ Ձայնագրությունում ակնհայտորեն խոսվում էր դատարանի նկատմամբ ճնշման մասին»։

Փաստաբանը նկատի ուներ Մարտի 1-ի քրեական գործի վերաբերյալ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի, այնուհետև՝ վարչապետի ու ԱԱԾ տնօրենի գաղտնալսված զրույցը։