Որ շրջանի բնակիչները կկարողանան հետևել լուսնի խավարմանը


Որ շրջանի բնակիչները կկարողանան հետևել լուսնի խավարմանը
Հունվար 18 19:32 2019

Ռուսաստանի հյուսիսարևելյան շրջանների, Ուրալի և Սիբիրի հյուսիսային հատվածի, Հեռավոր Արևելքի բնակիչները հունվարի 21-ին կկարողանան լուսնի խավարման ականատեսը լինել: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Մոսկովյան աստղացուցարանին (պլանետարիում), խավարման ամբողջական փուլը կտևի մեկ ժամ 3 րոպե:

«2019-ի հունվարի 21-ին՝ Մոսկվայի ժամանակով 06:34-09:51-ին, տեղի կունենա Լուսնի ամբողջական խավարումը, որը տեսանելի կլինի Ռուսաստանի տարածքից: Խավարման ամբողջական փուլը կկարողանան տեսնել Ռուսաստանի եվրոպական հատվածի, Ուրալի և Սիբիրի, ինչպես նաև Հեռավոր Արևելքի բնակիչները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Խավարման ամբողջական փուլը կսկսի Մոսկվայի ժամանակով 7:41-ին, առավելագույնին կհասնի 8:12-ին և կտևի մինչև 8:44-ը:

Ստվերային խավարումը տեսանելի կլինի Կալինինգրադի մարզում, Սանկտ Պետերբուրգի մոտակայքում, Կարելիայում և Մուրմանսկի մարզում:  

Ամբողջական խավարումը տեսանելի կլինի նաև Հարավային և Հյուսիսային Ամերիկաների և Գրենլանդիա կղզու ողջ տարածքում:

Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինը լիալուսնի փուլում հայտնվում է Երկրի ստվերի մեջ: 21-րդ դարում 225 լուսնային խավարում է նախատեսվում, որոնցից 85-ը՝ ամբողջական: