«Բռնությունը փոխարինենք սիրով» հանրային արշավի հայտարարությունը


«Բռնությունը փոխարինենք սիրով» հանրային արշավի հայտարարությունը
Հունվար 18 18:44 2019

Մենք՝ «Բռնությունը փոխարինենք սիրով» հանրային արշավի անդամներս, մեր մտահոգությունն ենք հայտնում Ազգային ժողովում պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ ս․թ․ հունվարի 17-ի ելույթում հնչեցված մի շարք դատողությունների վերաբերյալ։

Խոսելով ընտանեկան բռնության թեմայի շուրջ՝ պատգամավորն ընդունելի է համարել երեխաների հանդեպ ընտանեկան բռնության որոշ դրսևորումներ, մասնավորապես, նշելով․ «Երեխան ապտակից կարող ա ավելի շատ դաստիարակություն ստանալ, քան ոստիկանը գա կանգնի քո բակում»։ Մենք մտահոգված ենք, որ պարոն Պետրոսյանի սույն միտքը և ելույթում հնչած համանման շեշտադրում ունեցող այլ դատողությունները փաստացիորեն թույլատրելի են համարում  երեխայի հանդեպ ֆիզիկական բռնության կիրառման առանձին դեպքերը։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի Հանրապետությունը 2017 թ․ միացել է «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերությանը որպես ուղենշող երկիր և ստանձնել երեխաների հանդեպ բռնության հարցին լուծում տալուն ուղղված ճանապարհային քարտեզ մշակելու միջազգային պարտավորություն։

Այս համատեքստում երկրի օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից հնչող նմանատիպ դատողությունները կարող են խոչընդոտել ՀՀ պետական պարտավորությունների կատարումը և խարխլել հանրային գիտակցության մեջ արմատավորվող արգելքը բռնությունը՝ որպես ընտանիքում երեխայի դաստիարակության միջոց օգտագործելու հանդեպ։

Երեխայի հանդեպ բռնության որևէ դրսևորում չի կարող արդարացվել ազգային ավանդույթով․ բռնությունն արգելված է օրենքով և հակասում է համամարդկային արժեքներին։

«Բռնությունը փոխարինենք սիրով» հանրային արշավի անդամ կազմակերպությունները համոզված են, որ յոթերորդ գումարման նորընտիր Ազգային ժողովը կդառնա երեխաների հանդեպ բռնության բոլոր դրսևորումների դեմ պայքարող պետական հարթակ, և կոչ են անում հանրային կարծիք ձևավորող բոլոր կառույցներին ու անհատներին ակտիվորեն ներգրավվել մեր երեխաների համար բռնությունից զերծ միջավայր ստեղծելու գործում։

Արշավի անդամներ՝

Վորլդ Վիժն Հայաստան

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպություն

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (COAF)

ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստան

Երեխաների աջակցության կենտրոն

Երեխաների պաշտպանության ցանց

Ընտանիք և Համայնք ԲՀԿ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ

Գործընկերություն և ուսուցում ՀԿ

Մանկական զարգացման հիմնադրամ