ՀՀ ներկայացուցիչը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր ՄԻԵԴ որոշման պահանջների կատարումն ապահովելու համար. նախարարություն


ՀՀ ներկայացուցիչը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր ՄԻԵԴ որոշման պահանջների կատարումն ապահովելու համար. նախարարություն
Հունվար 18 13:15 2019

Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր ՄԻԵԴ-ի որոշման պահանջների կատարումն ապահովելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը՝ անդրադառնալով Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը:

Հաղորդագրության մեջ, մասնմավորապես, ասվում է.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ դիմումատուն Եվրոպական դատարանից խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:

Նշված որոշմամբ Դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում նաև` ապահովելով տրանսլյումինալ դրենավորման գործընթացը:

ՀՀ կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում Դատարանին պետք է տրամադրի տեղեկատվություն միջանկյալ միջոցի կիրառումն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցների մասին:

Դատարանը նաև կողմերի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Պայմանավորվող պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման:

Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար: