Տիգրան Ավինյանը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ քննարկել է ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները


Տիգրան Ավինյանը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ քննարկել է ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները
Հունվար 17 19:44 2019

Հունվարի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Հանդիպման սկզբում Ջովաննի Ռուբինին նշել է, որ անցած աշնանը տեղի ունեցած հանդիպումից հետո մեծ առաջընթաց է գրանցվել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներում, ավելի քան 187 փաստաթղթեր են ստորագրվել տարբեր գործընկերների և չորս միջազգային բանկերի հետ: «Ռենկոյի» գլխավոր տնօրենը նաև երախտագիտություն է հայտնել ներդրումային գործընթացի ընթացքում կառավարության ցուցաբերած աջակցության համար:

Գոհունակություն հայտնելով փոխշահավետ համագործակցության առթիվ՝ ՀՀ փոխվարչապետը նշել է, որ այսօր  գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Արմփաուեր» և «Ռենկո» ընկերությունների միջև կնքված շրջանակային համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին  և լիազորել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարին ստորագրել այն: Սա հնարավորություն է տալիս ավարտել ծրագրի ֆինանսական ամփոփումը և մոտ ապագայում սկսել էլեկտրակայանի շինարարական աշխատանքները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում «Ռենկո» ընկերության կողմից ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները և հեռանկարները: