Արցախում համաճարակային իրավիճակը լարված չէ


Արցախում համաճարակային իրավիճակը լարված չէ
Հունվար 17 19:06 2019

Այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով համաճարակային իրավիճակը լարված չէ: Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ ամենօրյա մշտադիտարկումը: 

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ հունվարի 16-ի դրությամբ հանրապետության բուժհաստատություններում բուժում են ստանում 30 քաղաքացի, որից 15-ը` երեխաներ են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվում է հիվանդության 2 անգամ նվազում:
Վիրուսային գրիպի հարուցիչները տարբեր են` գրիպ A տեսակի «ենթատիպ H1N1 և ենթատիպ H3N2», գրիպ B և C տեսակներ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մասնագետների կողմից գրիպի վիրուսի հայտանաբերման նպատակով հիվանդներից վերցվել է նմուշներ և ուղարկվել ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ լաբորատոր հետազոտության: Արդյունքում 5 երեխայի մոտ հայտանաբերվել է գրիպ A տիպի H1N1 ենթատիպ: Նշվածներից 3 ամբուլատոր հիվանդները ստանում են համապատասխան բուժում, իսկ 2 հոսպիտալացված երեխաները առողջացման փուլում են և մի քանի օրից դուրս կգրվեն: 
Նախարարության մասնագետների կողմից իրականացվում է շարունակական հսկողություն հակահամաճարակային միջոցառումների կատարման վերաբերյալ: ԱՀ ԱՆ «Արևիկ» մանկական բուժմիավորումում մանկապարտեզների ու դպրոցների բուժքույրերի համար կազմակերպվել են սեմինարներ: Մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ իրականացվում է հսկողությունը՝ «համաճարակաբանական ֆիլտրը»
Հանրապետության բոլոր բուժհիմնարկներն ապահովված են հակավիրուսային դեղամիջոցներով և ախտահանիչ նյութերով, պահպանվում է հակահամաճարակային ռեժիմը: Բուժհիմնարկներում առկա է գրիպի դեմ պատվաստանյութ: Գրիպի կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը դիմել բուժհիմնարկ գրիպի դեմ պատվաստվելու: