Կան այլ տվյալներ, որոնք մենք կհրապարակենք դռնփակի ժամանակ․Վստրեչի Ապերի գործով դատական նիստը շարունակվել է (տեսանյութ)


Կան այլ տվյալներ, որոնք մենք կհրապարակենք դռնփակի ժամանակ․Վստրեչի Ապերի գործով դատական նիստը շարունակվել է (տեսանյութ)
Հունվար 17 15:35 2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր  շարունակվեց Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով  դատական նիստը։

Դատական նիստի սկզբում սույն  գործով տուժող Մամիկոն Բագրատունու ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ հիմքեր կան գործով դատախազին բացարկ, իսկ նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու համար։ Միաժամանակ փաստաբանը տեղեկացրեց, որ նման միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտություն ամեն դեպքում չի տեսնում, քանի որ վստահ է՝ դատարանը կմերժի դրանք։

Արայիկ Պապիկյանը ապա հայտարարեց, որ քրեական գործում առկա մի շարք կարեւոր հանգամանքներ դուրս են մնացել գործից։

Մինչ դատավարության փուլին անցնելը  նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց գործով ամբաստանյալ Արամ Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունը և  որոշում կայացրեց այս գործով դատաքննությունն անցկացնել դռնփակ դատական կարգով։ Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդություն էր ներկայացրել նիստերը դռնփակ անցկացնելու վերաբերյալ։ Սահակյանը նշել էր, որ գործում առկա են անձի կյանքի, արժանապատվությանը վերաբերող հանգամանքներ։ «Պնդում եմ միջնորդությունս, եւ գտնում եմ, որ դռնփակ նիստում այս գործը քննվի, նախ այն պատճառաբանությամբ, թե ինչպիսի մեղադրանք է առաջադրված, մեղադրանքի բովանդակությունից ակնհայտ է, բացի այդ կան այլ տվյալներ, որոնք մենք կհրապարակենք արդեն դռնփակ կարգով քննվելու պարագայում»,- հայտարարեց Լուսինե Սահակյանը։ Ամբաստանյալներ Վարդանյանն ու Իսկանդարյանը եւս միացան միջնորդությանը։

Մեղադրող կողմը  ըստ էության չառարկեց։

Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել, ղեկավարել եւ անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ 2017թ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքով կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առեւանգմանը։

Ենթադրյալ առեւանգման դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսին, սակայն այս դեպքի մասին հայտնի է դարձել թավշյա հեղափոխությունից հետո, այն էլ ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հայտարարությունից: Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության՝ Արամ Վարդանյանը կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու եւ Գ. Հ.-ին (տուժողի անվան սկզբնատառերը փոխված են, խոսքը Մամիկոն Բագրատունու մասին է,-հեղ.) պատժելու նպատակով, նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` վերջինիս առեւանգումը կազմակերպելու համար: Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Արամ Վարդանյանի ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ 2017թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առեւանգել են Գ. Հ.-ին (Մամիկոն Բագրատունուն) եւ տեղափոխել Երեւան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Արամ Վարդանյանը ծեծի է ենթարկել վերջինիս եւ զենքով սպառնացել սպանել նրան: Շուրջ 3 ժամ Գ. Հ.-ին անազատության մեջ պահելուց հետո Ա. Վ.-ն սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը՝ 17.07.2017թ.-ին, Գ. Հ.-ն մեկնել է ՀՀ-ից եւ վերադարձել 2018թ. ապրիլ ամսին:

Արամ Վարդանյանի եւ նրա ընկերոջ՝ Գարեգին Իսկանդարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Արամ Վարդանյանի նկատմամբ ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել: Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը ձերբակալվել է 2018թ. հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում, իսկ հոկտեմբերի 1-ին Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան։

Գարեգին Իսկանդարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2017թհուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմակետի շրջակայքից բռնության գործադրմամբ առեւանգել է Մամիկոն Բագրատունուն։