ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուն կարևորում է բանակում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը

ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուն կարևորում է բանակում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը
Հունվար 17 14:20 2019

Սահմանում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը կարևորագույն խնդիր է: Զինվորականները պիտի արժանապատիվ դրամական փոխհատուցում ստանան:

ԱԺ հերթական նիստում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության կողմից Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Անդրանիկ Քոչարյանը:

 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը բարձրացրեց զինվորականների աշխատավարձերի խնդիրը: Նա հետաքրքրվեց` արդյոք հանձնաժողովը կվերանայի՞ աշխատավարձի շեմը` գոնե դիրքերում ծառայող զինվորականների աշխատավարձը: Նա անդրադարձավ նաև ժամկետային զինծառայողների արտահագուստի խնդրին: «Զինվորականների արտահագուստը ծառայում է ընդամենը երկու ամիս, և նրանք ստիպված են լինում դիմել ծնողներին»,-նշեց նա:

Բարձրացրած հարցերը բոլորն առկա են: «Աշխատավարձերի բարձրացումը կարևորագույն խնդիր է: Նաև առաջնագծի կառուցվածքային փոփոխությունն ու պայմանագրային բաղադրիչի ավելացումը պետք է արժանապատիվ դրամական փոխհատուցման միջոցով լինի»,-ասաց Քոչարյանը:

Իր ելույթում նա նաև նշել էր, որ հանձնաժողովում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները պետք է ուղղված լինեն նաև բանակի արդյունավետութանը, այնտեղ աշխատող մարդկանց սոցիալական ապահովության բարձրացմանը: «Զինվորականները պետք է արժանապատիվ ապրեն, ունենան բարձր աշխատավարձ և մշտապես զգան պետության հոգածությունը։ Սահմանում կանգնած սպան պետք է իմանա,որ աշխատասենյակներում նստածները ոչ թե չինովնիկներ են, այլ իրենց խնդիրներին տեղյակ մարդիկ, ովքեր մանդատ են ստացել նաև դրանք լուծելու համար»,-նշեց Քոչարյանը:

Նա նաև կարևորեց բանակի ծախսային մասի կտրուկ բարձրացումը, որի մասին խոսվել է կառավարության նիստի ժամանակ: Սակայն նա նկատեց, որ պետք է ուշադիր լինեն նաև բանակի ծախսային մասի արդյունավետության բարձրացման համար, կոռուպցիան արմատախիլ անեն: «Կոռուպցիան արմատախիլ անելը կապահովի այն հարցադրումները, որոնք կապված են համազգեստի, դրանց որակի համար: Նախկին մատակարարները ստացել են տենդերները` փող աշխատելու համար»,-ասաց հանձնաժողովի նախագահի թեկնածուն ու շեշտեց, որ իրենց խնդիրն է համատեղ ջանքերի շնորհիվ մարտունակ բանակի կարգավիճակը վերականգնել և չունենալ դժբախտ միջադեպեր:

 

Ազգային ժողովում հունվարի 17-ի նիստում քննարկում են 11 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Հունվարի 15-ի հերթական նիստում խորհրդարանը փակ քվեարկությամբ ընտրեց ԱԺ փոխնախագահներին: Իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցությունից փոխնախագահներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Ազգային ժողովն ընդունեց նաև 11 մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8, «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1 հանձնաժողովում: Նիստում խմբակցությունները ներկայացրել էին նաև իրենց թեկնածուներին:

loading...