Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի նորանշանակ տնօրեն Պետրոս Ղազարյանը «կադրային ջարդ» է սկսել: Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության «Lուրերի» թողարկման մեկնաբաններ Մամիկոն Սիմոնյանը, Դավիթ Գրիգորյանը, Մերի Ներսիսյանը և Էսթեր Մեսրոպյանն ազատվել են աշխատանքից։
Իմանալու համար, թե ինչով է պայմանավորված կադրային ջարդը, ArmDay.am-ը զրուցեց Պետրոս Ղազարյանի հետ:
Նրա խոսքով՝ աշխատանքի տրամաբանությամբ է պայմանավորված ազատումները:
«Ցանկացած խմբագրականում մարդիկ դուրս են գալիս,գնում ու գալիս են,մարդիկ թարմացվում են: Երբ խմբագրակազմը թարմացվում է լուրերի քաղաքականությունը փոփոխվում է, մարդիկ կան, որ համապատասխանում են, մարդիկ կան՝ փոխվում են: Մենք ըստ դրա փոփոխություններ ենք արել»,-ասաց նա:
Պետրոս Ղազարյանը բացառեց, որ իր և աշխատակիցների միջև լարվածություն,անձնական խնդիր կա և շեշտեց, որ ազատումները պայմանավորված են միայն աշխատանքային ֆորմատով: Նա դժվարացավ պատասխանել, թե այս պահին քանի աշխատակից է ազատվել աշխատանքից:
Այն հարցին, թե իր ղեկավարման պահից սկսած ինչն է հրատապ համարել փոփոխելու համար, Պետրոս Ղազարյանը պատասխանեց՝լուրերի կառուցվածքն ու տրամաբանությունը: