«Փաստ». Ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ. Հակահեղափոխությունն այլևս պետք է փնտրել իշխանության ներսում


«Փաստ». Ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ. Հակահեղափոխությունն այլևս պետք է փնտրել իշխանության ներսում
Հունվար 17 10:12 2019

«Փաստ» թերթը գրում է. «Հակահեղափոխական վերագրվող ուժերին քաղաքական պայքարում հաղթելուց հետո թե՛ իշխանության ներսում, թե՛ դրանից դուրս կար մի թյուր մտայնություն առ այն, որ ահա գտնվել է այն վերջնական հանգրվանը, որից հետո ամեն ինչ լավ է լինելու: Բազմիցս փորձել ենք ակնարկել, որ պայմանական հակահեղափոխությանը կամ հին համակարգին հաղթելուց հետո սկսվում է ամենաբարդ փուլը:

Փուլ, երբ այլեւս չկա հակադրման առանցք, չկա բարեփոխումները հետաձգելու որեւէ հիմնավորում՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարություններով, կան ահռելի սպասելիքներ: Ու այն հանգամանքը, որ ավագանիում, խորհրդարանում, համայնքներում ներկայիս իշխանությունները ունեն ավելի քան մեծամասնություն, որեւէ կերպ չի հեշտացնում նրանց գործը, եթե չասենք՝ ավելի է բարդացնում այն: Ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխանության վրա, դրան գումարած չկա որեւէ իրատեսական թվացող քավության նոխազ:

 

Հակահեղափոխությունն այլեւս պետք է փնտրել իշխանության ներսում, սակայն ոչ թե դավադրությունների, այլ արդյունավետության պակասի տեսքով: Գլխավոր հակահեղափոխականներն այժմ իշխանությունների կողմից ուշացվող ռեֆորմներն են ու այդ ռեֆորմներին չսպասող ժամանակը:

Ընդ որում, ժամանակը սեղմում է նոր իշխանություններին թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո: Դե յուրե նոր իշխանությունն ունի կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրակարգ, որն անհասկանալիորեն մնում  է շղարշված անթափանցիկությամբ: Սակայն սա չարյաց փոքրագույնն է: Առավել ծանրակշիռ է այն ժամանակը, որը տվել է իշխանություններին հասարակությունը:

Կարող է թվալ, թե կա այդ ժամանակի սպառման կոնկրետ կետ, որից հետո իշխանություններն այլեւս չեն լինի: Բնավ ոչ: Իշխանությունները կարող են շարունակել գործել ավելի երկար, քան նրանց տրված ժամանակն է: Խնդիրն այն է, որ այդ տրված ժամանակի սահմանները չգիտակցելու դեպքում իշխանությունը գործելու է բոլորովին այլ, ոչ հեղափոխական չափանիշներով:

Անազնիվ կլինի ասել, թե իշխանությունները չեն գիտակցում ժամանակի սղությունը: Գիտակցում են, այլապես չէինք ունենա այն ցայտնոտը, որի ականատեսն ենք, եւ որը արտացոլվում է կառավարության կառուցվածքային փոփոխությունների տեսքով, երբ անհայտ է, թե երբ ու ինչպես է այդ օրակարգը հաստատվելու, հաստատվելու է, թե ոչ, հաստատվելու է կառավարության կազմը 5 օրում նշանակելու պարտադիր պահանջն իրականացնելուց առաջ, թե հետո:

Բայց մեծ հաշվով այս օրակարգն ընդամենն այդ ցայտնոտի երեւացող մասն է: Ցայտնոտը ակներեւ է նաեւ այն կադրային որոնումներում, որոնցով հիմա զբաղված են իշխանությունները, արտաքին հարաբերություններում այն սառեցված նախագծերով, որոնց որեւէ կերպ նոր շունչ հաղորդելու ազդակներ տեսանելի չեն:

Ինչո՞ւ է այսպես ստացվել, արդյոք կա՞ն օբյեկտիվ պատճառներ: Բնականաբար կան: Հեղափոխական ռիթմը, սպասելիքները միշտ էլ ինչ–որ պահից բախվում են իրականության հետ:

Բայց քիչ չեն նաեւ սուբյեկտիվ պատճառները, որոնցից գլխավորը հեղափոխության համաժողովրդական ռեսուրսը մսխելն էր, այդ ռեսուրսը կոնսերվացնելն ու դրանից միայն նեղկուսակցական, ստերիլ ֆորմատ ստանալը: Այդ ստերիլ ֆորմատը, նեղ հայացքն են, որ այսօր թույլ չեն տալիս կոմպետենտ կերպով արձագանքել լրջագույն մարտահրավերների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում