Մոսկվայում ձերբակալվել է ուղևորների ուղղությամբ կրակ բացած հայ տաքսիստը


Մոսկվայում ձերբակալվել է ուղևորների ուղղությամբ կրակ բացած հայ տաքսիստը
Հունվար 17 10:29 2019

Օրեր առաջ Մոսկվայում բախում է տեղի ունեցել տաքսու վարորդի և նրա ուղևորների միջև: Երիտասարդ զույգը գիշերվա ժամին մոտեցել է առևտրի կենտրոնի մոտ գտնվող տաքսու կայանատեղիին՝ տուն գնալու համար: Ինչպես հայտնում է Комсомольская правда-ն՝ հղում անելով ՆԳՆ վարչության իր աղբյուրներին, նրանք նախապես պայմանավորվել են գումարի չափի մասին, սակայն ավելի ուշ տաքսու վարորդը փոշմանել է և ավելին է պահանջել պայմանավորված գումարից: Արդյունքում նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետ վարորդը նստել է մեքենան և հեռացել: Մոտ քսան մետր անցնելով՝ նա վերադարձել է ուղևորների մոտ և դուրս գալով մեքենայից՝ վերցրել է ատրճանակն ու կրակ բացել նրանց ուղղությամբ: Վերջիններս փորձել են փախչել: Բարեբախտաբար, վարորդի կրակոցները ոչ մեկին չեն դիպել: Վայրկյաններ անց նա մեքենայով հեռացել է: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 11-ին: Ավելի ուշ մայրաքաղաքային ոստիկանությունը ձերբակալել է տաքսու վարորդին: Ինչպես նշվում է, նա Հայաստանի 48-ամյա քաղաքացի է, որը ժամանակավորապես գրանցված է մերձմոսկովյան Օդինցով շրջանում: Ատրճանակի իրավունք վերջինս ունեցել է: Նրա նկատմամբ ներկա պահին գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով, որով նախատեսված առավելագույն պատիժը 5 տարվա ազատազրկումն է: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը: