ԵԿՄ-ն ցնցող բացահայտումներ է ներկայացնում Մանվել Գրիգորյանի վերաբերյալ

ԵԿՄ-ն ցնցող բացահայտումներ է ներկայացնում Մանվել Գրիգորյանի վերաբերյալ
Հունվար 16 22:05 2019

Օրեր առաջ ArmDay.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Մանվել Գրիգորյանը խոշոր չափով յուրացումներ է կատարել ԵԿՄ-ից։ Այսօր արդեն ԵԿՄ-ից հաստատում են մեզ հասած տեղեկությունները և ոչ միայն։

ArmDay.am-ի հետ զրույցում Էջմիածնի ԵԿՄ մասնաճյուղի ղեկավար Մաթևոս Ներսիսյանն ասել է, որ մեր տեղեկություններն ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը, մասնավորապես, Մանվել Գրիգորյանը, օգտագործելով կառույցի ղեկավարի իր պաշտոնը, սեփականաշնորհել է պետության կողմից կառույցին նվիրաբերած տարածքներն ու նախկինում ՀՀ Պաշտպանության նախարարության կազմում եղած N զորամասը՝ 5-րդ մոտհորաձգային գումարտակը, որտեղ ինքը՝ Մաթևոս Ներսիսյանը, եղել է հրամանատարի տեղակալ։

Ներսիսյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո հնարավորություն է ստեղծվել վերադարձնելու ԵԿՄ-ի բարի համբավն ու այս առիթվ մի շարք ազատամարտիկներ ոտքի են կանգնել և պահանջում են Մանվել Գրիգորյանից այս տարիների ընթացքում ողջ թալանածը վերադարձնել պետությանն ու կառույցին։

«Մի խումբ արդար ազատամարտիկներ, ովքեր անցել են իրո՛ք պատերազմի  ճանապարհը, կանգնած պահանջում են ետ վերադարձնել թալանը։ Անձամբ ինձ հետաքրքիր է, թե ի՞նչ հանգամանքներում է զորամասը, որտեղ ես եղել եմ հրամանատարի տեղակալ, դարձել Մանվել Գրիգորյանի սեփականությունը։ Ու նման բազմաթիվ չափազանց անհանգստացնող հարցեր, որոնք բոլորիս մոտ դեռևս մնում են անպատասխան։ Ասեմ, որ  մենք պատրաստվում ենք դիմել նաև ՀՀ վարչապետին»,-ասաց նա։

Տեղեկացանք նաև, որ վերջին տարիների ընթացքում Մանվել Գրիգորյանի հովանավորչությամբ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր չեն մասնակցել որևէ մարտական գործողության, ստացել են  վկայականներ, մարտական ուղիներ, հետևաբար նաև օգտվել են համապատասխան արտոնություններից․ պետության կողմից ստացել են բնակարաններ, սոցիալական փաթեթներ, ֆինանսավորում և պարգևներ, այն ինչ, ըստ Ներսիսյանի, բազմաթիվ «կռված, արյուն թափած տղերք» որևէ աջակցություն կամ շնորհակալագիր չեն ստացել։

Նրա խոսքով՝ նույն այն ազատամարտիկներն, ովքեր պահանջում են Մանվել Գրիգորյանից ժամանակին վերադարձնել գողացվածը, այս պահին էլ պատրաստ են ուղևորվել սահմաններ և իրականացնել մարտական հերթապահություն։ «Որդիս «Ես եմ» ծրագրի շրջանակներում մարտական հերթապահություն է իրականացնում, ինքս էլ պատրաստ եմ ցանկացած պահի վերադառնալ խրամատ, և այս պահին ես և բոլոր ազատամարտիկները պայքարում ենք արդարության վերականգնման համար»,-ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ Մանվել Գրիգորյանի հեռանալուց հետո կառույցը համալրվել է բազմաթիվ նվիրյալ ազատամարտիկներով։

Վաչիկ Գրիգորյան

 

loading...