Արայիկ Հարությունյանի հովանավորյալ Ռազմիկ Մկրտչյանն անցել է գործի. աշխատանքի է ընդունում ծանոթ-բարեկամներին


Արայիկ Հարությունյանի հովանավորյալ Ռազմիկ Մկրտչյանն անցել է գործի. աշխատանքի է ընդունում ծանոթ-բարեկամներին
Հունվար 15 19:00 2019

NEWSPRESS.am-ը գրում է․ ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանի հովանավորյալ՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, 26-ամյա Ռազմիկ Մկրտչյանից բողոքները չեն դադարում հասնել լրատվամիջոցներին:

Պարզվում է՝ Ռազմիկ Մկրտչյանն սկսել է իրեն շրջապատել ոչ կոմպետենտ և հեղափոխական ընդհանուր տրամաբանությանը չհամապատասխանող կադրերով: Նա պարզապես կադրային ջարդ է սկսել՝, ազատվում է պրոֆեսիոնալներից՝ հանուն իր ընկեր- բարեկամների, որոնցով էլ այսօր շրջապատել է իրեն:

Մկրտչյանի՝ տրամաբանությունից դուրս նշանակումներն արդեն լարված մթնոլորտ են ստեղծում աշխատակազմում, ինչը կարող է հանգեցնել հենց իր դեմ սկսվող բողոքի ալիքի:

Մկրտչյանն այս կարճ ժամանակահատվածում հասցրել է պաշտոնից ազատել գլխավոր ճարտարապետին և փոխարենն իր մտերիմներից մեկին նշանակել, ազատել է շենքի տնտեսական գծով պետ Համլետ Հակոբյանին, փոխարենն ընդունել իր տեղակալի հորեղբորը: Ի դեպ. պարետը՝ Համլետ Հակոբյանը, դեռ դիմումը չի գրել, որովհետև կարծում է՝ իրեն աշխատանքից ազատելու հարցում Մկրտչյանն օրենք է խախտել:

Ռազմիկ Մկրտչյանն աշխատանքից ազատել է նաև կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Հրաչին (խմբ.- ազգանունը մեզ հայտնի չդարձավ) և պաշտոնի նշանակել է իր մտերմուհիներից մեկին: Ի դեպ, վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատումներից հետո, չի ցանկանում ազատվածների հետ վերջնահաշվարկ անել՝ աշխատավարձերը վճարել:

Մկրտչյանն այս կարճ ժամանակում ազատել է նաև սպորտդպրոցի տնօրենին և փորձում է այդ պաշտոնն ընծայել իր ընկերոջը, ով համակարգել է Չարբախի ՔՊ-ի շտաբը:

Ի դեպ, վարչական շրջանի ղեկավարը բավականին լավ է տրամադրված առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ Աղվան Մկրտչյանի հանդեպ (խմբ.- ազգանունները զուգադիպե՞լ են)՝ այն աստիճան, որ նրան չի մտահոգում այն փաստը, որ Աղվան Մկրտչյանը հեղափոխության օրերին ակտիվորեն աչքի էր ընկնում հակահեղափոխական վարքագծով և խիստ մտերիմ հարաբերություններ ունի նախկին ղեկավարի՝ Արմեն Սարգսյանի հետ:

Ռազմիկ Մկրտչյանը լրջագույն խնդիր ունի նաև համատիրությունների կառավարման հետ և դրանց աշխատանքները կանոնակարգելու գործում ոչ թե փորձում է լեզու գտնել կամ հեղինակություն վաստակել, այլ շանտաժի, աուդիտով վախեցնելու մեթոդն է որդեգրել:

Վարչական շրջանի ղեկավարի՝ նման վարքագիծը պետք է քննարկման առարկա դառնա իր կուսակցության կառավարման խորհրդում, քանի որ նրանք եկել են իշխանության նաև խնամի-ծանոթ-բարեկամության վերջը տալու խոստումով, սակայն ստացվում է՝ տեղի է ունեցել ոչ թե արժեքների հեղափոխություն, այլ իշխանափոխություն: Այլապես, նմանատիպ ցածր կալիբրի չինովնիկները «դուխ չէին անի» նախորդ իշխանությունների օրոք եղած զազրելի երևույթներն ընդօրինակել:

NEWSPRESS.am