Հայկական բիզնեսն աշխարհում ամենուր է, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է. Արմեն Սարգսյան


Հայկական բիզնեսն աշխարհում ամենուր է, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է. Արմեն Սարգսյան
Հունվար 15 16:34 2019

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հունվարի 15-ին հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Սուլթան Ալ-Ջաբերի հետ՝ քննարկելու տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Ինչպես  տեղեկացրեցին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը թեև փոքր երկիր է, բայց հայերը գլոբալ և սերտորեն փոխկապակցված ազգ են: Եվ երբ ինքը, որպես նախագահ, խոսում է համագործակցության մասին՝ նկատի ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, որովհետև հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է։
Զրուցակիցները պայմանավորվել են, որ որպես առաջին քայլ, ԱՄԷ-ից պատվիրակություն այցելի Հայաստան՝ հնարավորություններին տեղում ծանոթանալու, քննարկումներ ունենալու և եղած առաջարկները գործնական հիմքերի վրա դնելու համար։