«Իմ քայլին» էլ ասեք՝ դուք չլինեիք, մենք խորհրդարանում կլինեինք առաջինը. Ծառուկյանը՝ ԼՀԿ-ին (Տեսանյութ)


«Իմ քայլին» էլ ասեք՝ դուք չլինեիք, մենք խորհրդարանում կլինեինք առաջինը. Ծառուկյանը՝ ԼՀԿ-ին (Տեսանյութ)
Հունվար 15 07:16 2019

ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նիստում ելույթ ունեցավ ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նա անդրադարձավ հարցին, թե ինչու ԱԺ-ում ընդդիմության ներկայացուցիչ փոխխոսնակը պետք է իրենց ուժի ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը լինի։ Ծառուկյանը նկատեց նաև, որ «Լուսավոր Հայաստանի» հետ ոչ մի կոնֆլիկտ չկա, ամենը հարթվել է։

«Երեկ ասում են՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, ինքը չլիներ, ես կլինեի 2-րդը, դե «Իմ քայլին» էլ, կարելի է ասել, չլիներ, կլինեինք առաջինը», - ասաց Ծառուկյանը։

Նա ընդգծեց, որ իրենք անձնավորված ոչ մեկին չեն վերաբերվելու, այլ կողմ ու դեմ են լինելու նախագծերին՝ ելնելով դրանց նպատակահարմարությունից. «Մենք այստեղ թշնամիներ չենք, թող հարցն ու խնդիրը ներկայացնեն, որն ավելի լավ ու օգտակար կլինի, կյանքի կոչենք»։

Ծառուկյանը նշեց, որ պետության հազորացման համար անհրաժեշտ է թոշակներն ու աշխատավարձրեն ավելացնել, ներգաղթը խրախուսել ու այդ մասով կան ծրագրեր, որոնց ջատագովը Վահե Էնֆիաջյանն է։

 

 

Ծառուկյանը նաև նկատեց, որ ներդրողներին պետք է ոչ թե համոզելով բերել, այլ այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք ինքնկամ գան ու ներդրումներ անեն Հայաստանում։

Ծառուկյանը նաև նկատեց, որ տնտեսության զարգացման համար պետք է զբաղվել արտաքին քաղաքականությամբ՝ զարգացնել կապերը ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի հետ։

Իր ելույթում Ծառուկյանն անդրադարձավ նաև Արցախի հարցին ու ՀՀ բանակին՝ նկատելով, որ Արցախի ճանաչման հարցը, որքան շուտ լինի, այնքան մի շարք խնդիրներ ավելի շուտ կլուծվեն։

Ինչ վերաբերում է բանակին, ապա Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ոչ թե ընդդիմադիր եմ, բարձր եմ խոսում, այլ հնչեցնում եմ, որ 18 տարեկան զինվորը առաջին գծում չլինի, այդտեղ կանգնեն պայմանագրային ծառայողները»։