Լեհաստանում հազարավոր մարդիկ սգում են Գդանսկի քաղաքապետի մահը


Լեհաստանում հազարավոր մարդիկ սգում են Գդանսկի քաղաքապետի մահը
Հունվար 15 11:09 2019

Լեհաստանի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ են հավաքվել Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի ողբերգական մահը սգալու, գրում է The Guardian-ը: 

Հազարավոր մարդիկ հավաքվել են Գդանսկի քաղաքապետարանի մոտ՝ Նեպտունի արձանի առաջ՝ մեկ րոպե լռությամբ հարգելու քաղաքապետի մահը, որն օրերս դանակահարվել էր բարեգործական համերգի ժամանակ: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, ավելի քան 5 ժամ տևած վիրահատությունից հետո բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որը Գդանսկ քաղաքից է և Ադամովիչի մտերիմներից էր, հուզիչ ճառ է արտասանել:


«Իմ թանկագի՛ն Պավել, մենք բոլորս այսօր քեզ հետ ենք որպես ընկերներ: Դու ստիպված եղար այնքան երկար սպասել, մինչև այս ողբերգական պահը, որպեսզի երկնքից տեսնես, թե իրականում որքան բարեկամ ունես այստեղ՝ Գդանսկում»,- ասել է նա:

Քաղաքապետին դանակահարած անձը 27 տարեկան է: Իր արարքը նա պատճառաբանել է նախկին իշխանությունների դեմ վրեժխնդրությամբ, որոնց օրոք բանկեր թալանելու համար 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել: Տղամարդու խոսքով՝ բանտում նրա հետ շատ վատ են վարվել, իսկ դա տեղի է ունեցել այժմյան ընդդիմադիր «Քաղաքացիական հարթակ» կուսակցության իշխանության օրոք, որի անդամ է նաև Ադամովիչը:

Ադամովիչի սպանությունը Լեհաստանի համար շոկ է եղել, երկրի մի շարք հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում վարչապետ Մատեուշ Մորավեցկին, դատապարտել են ողբերգական դեպքը:

Լիբերալ Ադամովիչը հայտնի էր ներգաղթյալների, փախստականների և ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ: 1980-ականներին Գդանսկում ձևավորված դեմոկրատական ընդդիմության անդամ է եղել: Հիսուներեքամյա քաղաքական գործիչն անցած տարի 6-ամյա ժամկետով չորրորդ անգամ վերընտրվել էր քաղաքապետի պաշտոնում:

Նրա հուղարկավորության օրը երկրում սգո օր կհայտարարվի: