Թուրքիայի նախագահականն արձագանքել է Թրամփի կոշտ հայտարարությանը


Թուրքիայի նախագահականն արձագանքել է Թրամփի կոշտ հայտարարությանը
Հունվար 15 10:38 2019

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն  արձագանքել է Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Ինչպես հայտնի է, Թրամփը սպառնացել էր ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան նոր ռազմական գործողություններ սկսի Սիրիայի քուրդ զինյալների դեմ, որոնց համարում է ահաբեկիչներ։

«Թուրքիայի Հանրապետությունը ոչ թե քրդերի թշնամին է, այլ պաշտպանը։  Թուրքիան քրդերի հետ կապված որևէ խնդիր չունի։ Մեր խնդիրը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և վերջինիս Սիրիայում գործող թևերի (PYD) հետ է։  Սիրիայի քրդական ուժերը ահաբեկչական ուժեր են։ Թուրքիան շարունակելու է վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ»,-սոցցանցում է գրել է Ալթունը։

Հիշեցնենք, որ Թուրքիան տարբերություն չի դնում Սիրիայի քրդական ուժերի և PKK-ի միջև և երկուսին էլ համարում է ահաբեկչական կազմակերպություններ։ Իր հերթին Վաշինգտոնը տարբերություն է դնում այդ երկու կառույցների միջև և ահաբեկչական է համարում միայն PKK-ին։

ԱՄՆ-ն նույնիսկ Սիրիայի քրդական ուժերի հետ համագործակցել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում, օրինակ՝ Ռաքքա քաղաքի ազատագրման ժամանակ։ Այդ ամենը մեծապես զայրացնում է թուրքերին, որոնք այժմ պատրաստվում են նոր ռազմական գործողություններ սկսել քրդերի դեմ, ինչին ԱՄՆ-ն դեմ է։



loading...