Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը կքննի դատավոր Արթուր Մկրտչյանը


Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը կքննի դատավոր Արթուր Մկրտչյանը
Հունվար 14 11:37 2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 15:00-ին, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը:

Պաշտպանական խումբը տեղեկացել է, որ դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը:

Նշենք նաև, որ դատավոր Նելլի Բաղդասարյանի կողմից՝ հունվարի 10-ին, դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո, կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին ինքնաբացարկ է հայտնել պատճառաբանելով, որ հերթապահ չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:

Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին: