Խստորեն դատապարտում եմ այդ ատավիստական վարքագիծը․ Արցախի նախկին ՄԻՊ-ը՝ Մանվել Գրիգորյանի պաշտպանի ավտոմեքենայի վնասման մասին


Խստորեն դատապարտում եմ այդ ատավիստական վարքագիծը․ Արցախի նախկին ՄԻՊ-ը՝ Մանվել Գրիգորյանի պաշտպանի ավտոմեքենայի վնասման մասին
Հունվար 12 22:59 2019

Տեղեկացա, որ ամբոխավարության ջատագով մի քանի սուբյեկտներ (ինքնանվանումը՝ «ցուցարարներ»), մտացածին առիթով վեճ հրահրելով՝ անթույլատրելի գործողություններ են կատարել իր մասնագիտական աշխատանքը կատարող փաստաբանի՝ Արսեն Մկրտչյանի անձի եւ գույքի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Դա կատարվել է ոստիկանների ներկայությամբ՝ դատարանի շենքի առջեւ։ Խստորեն դատապարտում եմ այդ ատավիստական վարքագիծը եւ համերաշխությունս հայտնում գործընկերոջս, որը այս ծանր պայմաններում ապահովում է ՀՀ քաղաքացու՝ պաշտպանության սահմանադրական իրավունքը»,- մասնավորապես գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին վնասել են գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան։

Փաստաբանը լուսանկար էր տեղադրել սոցիալական ցանցում՝ հետևյալ մակագրությամբ. «Անպատիժ մնացած սադրիչ գործողությունների խուլիգանական դրսևորումների հետևանքները»։